Հեռահար ռեժիմն ազդել է բոլոր ուսանողների կրթության որակի վրա, բայց ամենաշատ՝ վրացերենի նախապատրաստական կուրսի ուսանողների: Նրանք նման են առաջին դասարանցիների, պարզապես սկսում են սովորել լեզուն ավելի խորացված, քերականական բոլոր նրբություններով: Դրա համար շատ կարևոր է դասերից դուրս վրացերենով մշտական շփման գործոնը, ինչը հեռավոր ուսուցման դեպքում պարզապես չկա:
Կորոնավիրուսի հայտնվելուն պես, 2020 թվականի փետրվարից ուսումնական հաստատություններում սկսեցին քննարկել հեռակա ռեժիմով ուսումնական գործընթացի անցկացման հարցը, իսկ արդեն մարտից տարբեր համալսարաններ տարբեր ժամանակներում անցան օնլայն դասընթացների: 2021 թվականի հոկտեմբերի 4-ից լսարաններում դասերը թույլատրվում են, բայց համալսարանները հիմնականում նախընտրել են շարունակել օնլայն կրթությունը։ Որոշ բուհեր ասում են, որ լսարաններում ուսման վերսկսումը կախված է պատվաստված ուսանողների և աշխատողների քանակից: Ոմանք պարզապես որոշել է մինչև կիսամյակի ավարտը ուսուցումը շարունակել հեռակա կարգով:
Տարեցտարի Ախալքալաքից ավելի է շատանում «1+4» նախագծով, Վրաստանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների քանակը: Արտոնյալ այս ծրագիրը հնարավորություն է տալիս դիմորդին բուհ ընդունվել, մայրենի լեզվով հանձնելով միայն մեկ քննություն՝ ընդհանուր ունակությունն առարկայից, որից հետո ուսանողը մեկ տարի վրացերեն է սովորում:
2021 թվականին Ախալքալաքից 292 ուսանող ընդունվել է վրացական տարբեր բուհեր, հիմնականում «1+4» ծրագրով։
Տիգրան Արոյանը արդեն ավարտել է Թբիլիսիի Իլիաի պետական համալսարանի նախապատրաստական կուրսը, համարվում է առաջին կուրսի ուսանող։ Տիգրանի նպատակը փոքրուց եղել է սովորել Վրաստանում։ Ընդունվել է Վրաստանի լավագույն համալսարաններից մեկը, տիրապետել պետական լեզվին, բայց ինչպես ինքն է նշում, նախապատրաստական կուրսն առցանց անցնելը հավասար է չանցնելուն։
«Հենց քննությունս հանձնելուց հետո սպասում էի, որ կգնամ Թբիլիսի, սկսենք տուն փնտրել, մնացած գործերին նայենք, որ տեղափոխվենք, բայց ցավոք, մեր բախտը չբերեց ու մեր դասերն առցանց սկսվեց»,- ժպտալով պատմում է նա։
Ըստ Տիգրանի վրաց լեզվի ուսուցումը ավելի էֆեկտիվ կլիներ, եթե հենց լսարանում լիներ։ Նա նույնիսկ մտածել է այն մասին, որ նորից քննություն հանձնի նախապատրաստական կուրս ընդունվի: Նա որոշել է՝ ավելի լավ է մի տարի ավելի սովորի, բայց լեզվին լավ տիրապետի, սակայն տեղեկանալով, որ դասերը կրկին հեռավար են լինելու՝ քննություն չի հանձնել։
Տիգրանը հույս ուներ, որ հոկտեմբերի 4-ից կկարողանա արդեն ուսումը շարունակել համալսարանում, սակայն Թբիլիսիի Իլյայի անվան պետական համալսարանը շարունակում է հեռակա ուսուցումը: Համալսարանից Jnews-ին հայտնեցին, որ դեռեւս հստակ հայտնի չէ, թե երբ ուսուցումը կվերսկսվի լսարաններում, բայց ամենայն հավանականությամբ, մինչեւ կիսամյակի ավարտը ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար կարգով:
Գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը մեծ է, բայց Տիգրան Արոյանը շատ հաճախ zoom հարթակում օնլայն դասերին միացել է, պարզապես միանալու համար և չի մասնակցել:
«Լսարանում սովորելու և օնլայնի մեջ շատ տարբերություն կա։ Կոնկրետ իմ դեպքում, եղել է դաս, որ չեմ խոսել ընդհանրապես, թեկուզ դասախոսները ինձ հարց չեն տվել և այդպես ես դասի ժամանակ ակտիվ չեմ եղել։ Այդ դասը ինձ համար ուղղակի անցել է ու վերջ, ներկա են դրել ու վերջ։ Եթե սովորեինք ինստիտուտում, դասերը անցկացվեր լսարանում, ես չեմ կարծում, որ եթե դասախոսը տեսներ, որ ես ակտիվ չեմ, դասով չեմ հետաքրքրվում այդպես կթողներ, հակառակը, ինքը հարցեր կտար, որ ես դասին մասնակցեմ և այդպես սովորեմ լեզուն։ Եղել է, երբ ուղղակի zoom-ը միացրել եմ, հեռախոսս կողքի եմ դրել ու գնացել եմ իմ գործերով, տունը, նույնիսկ խանութ եմ գնացել։ Բայց դասախոսներս հասկացել էին և դրա համար նկատողություն եմ ստացել»:
Տիգրանը իր համակուրսեցիներից միայն մեկին է ճանաչում, ում էլ տեսել է Ախալքալաքում, մյուսներին չի ճանաչում, քանի որ միայն առցանց են «հանդիպել»։
Տիգրանը դեռ պատվաստված չէ, բայց մտածում է այդ ուղղությամբ, ընդհանուր առմամբ դեմ չէ պատվաստվելուն։
Ժաննա Չոգանդարյանը նույնպես նախապատրաստական կուրսն ավարտել է առցանց, նա կարծում է, որ առցանց ուսուցումը, իհարկե բավարար չէ այն ուսանողին, ով լեզուն է սովորում, սակայն դրական կողմեր նույնպես տեսնում է։
«Անկեղծ ասած, երբ դպրոցում վերջին կիսամյակը օնլայն էի, միակ հույսս այն էր, որ ուսանողական կյանքը արդեն կայուն, նորմալ գնանք լսարան, բայց սպասելիքներս չարդարացան, քանի որ եկավ պատասխան, որ մենք նույնպես պետք է առցանց ռեժիմով շարունակենք դասերը: Դա ինձ համար մի մեծ հիասթափություն էր, որովհետև, անսպասելիորեն շատ էի սպասում, որ նորմալ ուսանող կհամարվեմ։ Իսկ հիմա, անկեղծ եմ ասում, տարին արդեն լրացել է, որ ուսանող եմ, բայց ես ինձ դեռ նորմալ ուսանող չեմ զգում», – ասում է Ժաննան։
Թե Տիգրանը, թե Ժաննան են, որ այդքան էլ պատրաստ չեն առաջին կուրսի առարկանների համար, քանի որ ընտրել են բարդ մասնագիտություն:
«Կարող եմ ասել, որ առաջին կուրսի համար այդքան էլ պատրաստ չենք, որպես ազգային փոքրամասնություններ, մեր վրացերենի մակարդակը, իրոք ցածր է։ Բայց այն, որ արդեն փորձ ունենք, որպես Իլիայում սովորող ուսանողի փաստ է։ Սակայն, մտածում եմ, եթե համալսարանում լինեինք, ավելի էֆեկտիվ, ավելի լավ կսովորեինք վրացերեն, քանի որ այնտեղ ավելի շատ կլիներ շփումը մեր վրացի համակուրսեցիների հետ։ Բացի դրանից մենք կսկսեինք ապրել վրաց հասարակության մեջ, մինչդեռ մենք հիմա ապրում ենք մեր հայ համայնքում, և շփումը անհամեմատելի է», – ավելացնում է Ժաննան։
Նա պատմում է, որ ամեն դասի ներկա չի գտնվել։ Եղել են օրեր, երբ միաժամանակ և դասի է եղել, և՛ թրեյնինգի։ Ժաննան առցանց ուսուցման մեջ տեսնում է նաև դրական կողմեր։
«Ես կարծում եմ, որ եթե դասերը լինեին համալսարանում, ապա ես մենակ համալսարանով էի սահմանափակվելու, քանի որ առավոտյան ժամը 09։00-ից մինչև 17։00 դասի ենք, և ինձ այլևս ժամանակ չի մնում այլ թրեյնինգների մասնակցելու։ Իսկ հիմա, ես օգտվում եմ համարյա ամեն ինչից, արշավների եմ գնում, մասնակցում եմ տարբեր ծրագրերի։ Թե չէ, իրոք եմ ասում, մենք նաև ողջ օրը համակարգչի դեմ նստելով կվնասենք մեր առողջությունը», – ասում է Ժաննան։
Ժաննայի մայրիկը սկզբից շատ է ուրախացել, երբ իմացել է, որ դասերը հեռավար են, քանի որ դա կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ՝ տան վարձ, առօրյա և այլ ծախսեր, սակայն հիմա սպասում է, որ դասերը անցկացվեն համալսարանում, քանի որ ուզում է տեսնել աղջկա ուսանողական կյանքը։
Ժաննան և համակուրսեցիները, քանի որ միշտ առցանց են շփվել, որոշել են գոնե մեկ անգամ հանդիպել Թբիլիսիում, նորմալ ծանոթանալ և ճանաչել միմյանց։
«Երբ առաջին կիսամյակը ավարտվեց, մտածեցինք հանդիպել, և վերջիվերջո իրար երես տեսնել՝ zoom-ից այն կողմ։ Հանդիպեցինք Թբիլիսիում, գնացինք համալսարան, ու լավ ժամանակ անցկացրինք», – ավելացնում է Ժաննան։
Վերջինս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն արդեն ընդունել է, նշում է՝ ոչ միայն նրա համար, որ դասերը լսարաններում անցկացվեն, այլ քաղաքացիական պարտքը կատարելու համար։
Իսկ Սոնա Մանուկյանը սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի բիզնես ադմինիստրացիայի երկրորդ կուրսում։
Նախապատրաստական կուրսում առաջի կիասմայանը անցել է լսարաններում, երկրորդը՝ առցանց և նա նույնպես տնից է սկսել մասնակցել դասերին։
«Առաջին կիսամյակում շատ լավ էր, սովորում էինք համալսարանում, ամենակարևորը շփվում էինք մեր կուրսեցիների հետ վրացերենով, թեկուզ լավ չգիտեինք, բայց մեր ընդհանուր լեզուն վրացերենն էր։ Երկրորդ կիսամյակից դասերը արդեն դարձավ հեռավար, և, իհարկե արդյունք չտվեց»:
Սոնան ընդգծում է, եթե առաջին կուրսում դասերը հեռավար չլիներ, ապա նախապատրաստական կուրսում ստացած վրաց լեզվի իմացության մակարդակով շատ դժվար կլիներ սովորել առարկաները։
«Ճիշտ է լեզուն հիմնականում սովորում ենք առաջին կիսամյակում, սակայն յուրաքանչյուր կիսամայակ ունի իր կարևորությունը, մենք դասերից հետո շփվում էինք կուրսեցիների հետ, իսկ հիմա 40 րոպե դասի ենք նստում, լսում ու խոսում վրացերեն, իսկ հետո վերջ, էլ ոչ մի տեղ չենք օգտագործում վրաց լեզուն, և դա մոռացնել է տալիս նաև իմացածներս։ Ես արդեն երեք տարի է դասերս առցանց եմ անում, ճանաչում եմ միայն նախապատրաստական կուրսի խմբեցիներից, մյուսներին՝ ոչ», – հավելում է նա։
Սոնան պատվաստված չէ, սակայն ասում է՝ եթե պետք է պատվաստվել, հանուն նրա, որ դասերը սկսվեն լսարանններում, անպայման կպատվաստվեմ։
Կրթության մասնագետ Սիմոն Ջանաշաիան հաստատում է, նախապատրաստական կուրսի ուսանողների համար, իհարկե դժվար է դասերը անցնել առցանց։
«Իհարկե, հնարավոր է, որ առցանց էլ սովորեն լեզուն, սակայն ինչքան են հասցնում չեմ կարող ասել։ Գիտելիք միայն դասերի շրջանակում չէ, որ 218653 ստանում են, այլ պետք է շփում լինի վրացիների հետ, որպեսզի վրաց լեզվին տիրապետեն շփման շրջանակներում և ոչ ֆորմալ շփման շրջանակներում։ Քանի որ այդ ոչ ֆորմալ շփումը նվազեց, առցանց ուսուցման շրջանակներում, և քանի որ ոչ վրացերեն սովորող ուսանողները ֆիզիկապես չեն գտնվում վրացական միջավայրում, որպեսզի ունենան վրացի ընկերներ, շփվեն նրանց հետ», – ասում է կրթության մասնագետը։
Տեղեկանալոււ համար, արդյո՞ք գնահատվել է ոչ վրացալեզու ուսանողների ստացած գիտելիքներն առցանց ուսուցման ընթացքում, կամ ի՞նչ ազդեցություն է ունեցել հեռավար ուսուցումը «1+4» ծրագրով սովորող ուսանողներին, կամ արդյո՞ք կա այլ ծրագիր, որը կխթանի նախապատրաստական կուրսի ուսանողներին ավելի լավ սովորել և տիրապետել պետական լեզվին, դիմում ենք ներկայացրել Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական գրասենյակին։ Սպասում ենք պատասխանի։
Ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործընթացում ամենաարդյունավետը «1+4» ծրագիրն է, որով էթնիկ փոքրամասնությունների դիմորդները մայրենի լեզվով միայն մեկ քննություն են հանձնում և ընդունվում նախապատրաստական կուրս: Մեկ տարի ինտենսիվորեն սովորում են վրացերեն, այնուհետև կրթությունը շարունակում բակալավրիատում: Սակայն, համաճարակը բաժանելով մարդկանց և նրանց գամելով համակարգիչներին, իհարկե նվազեցրել է նախապատրաստական կուրսի դասերի արդյունավետությունը:
Գայանե Ակոջյան