Ախալքալաքում «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուներն ու ակտիվիստները ակտիվ քարոզարշավ են իրականացնում: «ՄԱՇ»-ի ներկայացուցիչները վերջին օրերին օրական միջինը 4-5 գյուղում են լինում, խոսում են բնակչության հետ, լսում նրանց խնդիրներն ու հորդորում քվեարկել ընդդիմության թեկնածուների օգտին: JNEWS-ը հետևում է քաղաքական կուսակցությունների քարոզարշավի ընթացքին:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության քարոզարշավը Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղում սեպտեմբերի 26-ին մարդաշատ չէր: Գյուղի կենտրոնում էր հավաքվել մոտավոր 20-30 մարդ: Քարոզարշավի խմբում մոտավոր 15 մարդ կար: Այս գյուղում քարոզարշավն անցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում, այն մոտավորապես 30 րոպե տևեց:
Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը, Սակրեբուլոյի մեծամասնական և համամասնական կարգով առաջադրված պատգամավորի թեկնածուները Մաջադիայի բնակիչներին ներկայացրին իրենց պատկերացումներն ու տեսլականը Ջավախքի ներկայիս քաղաքական վիճակի վերաբերյալ:
«ՄԱՇ»-ի համամասնական ցուցակը գլխավորող Շիրվան Շիրինյանը իր համագյուղացիներին ներկայացրեց Մաջադիա գյուղի զարգացման իր ծրագրերը՝ ծառատունկից մինչև կրթություն:
Գյուղի կենտրոնում հավաքվածները առանձնապես խնդիրներ չներկայացրին: Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն կոչ արեց գյուղաացիներին՝ անպայման գնացեք ընտրատեղամաս, քվեարկեք ինքներդ, տեր կանգնեք ձեր ձայնին:
Ախալքալաքում «ՄԱՇ»-ի ներկայացուցիչները վստահ են, որ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, որ երկրում իշխանափոխություն լինի:
Թեկնածու Մելիք Ռաիսյանի խոսքով, գյուղացիները պետք է վերջապես իրենց ըմբոստությունը ցույց տան և միասնական քվեարկություն կատարեն՝ մերժելով ներկա իշխանություններին:
«Միասնական ազգային շարժման» հաջորդ կանգառը Թոթխամ գյուղում էր: Այստեղ, գյուղի կենտրոնում թեկնածուներին ընդամենը երկու կին դիմավորեց: Քարոզարշավ այստեղ որպես այդպիսին տեղի չունեցավ: 80-ամյա, միայնակ ապրող Նինա տատիկը ներկայացրեց իր տան սեփականաշնորհման հետ կապված խնդիրները:
JNEWS-ի դիտարկմանը, թե տեղյակ է, արդյո՞ք ընտրությունները ամսի քանիսին են, Նինա Պետրոսյանն ասաց. «Հոկտեմբերի 2-ին, շաբաթ օրը, ինչ օգուտ, գալիս խոստանում, գնում են, անցած տարի էլ, ով մեր գյուղ եկավ, բոլորին ներկայացրի տանս հետ կապված խնդիրները, բայց ոչ մի հարց այդպես էլ չլուծվեց»:
«Երազանքի» նախընտրական քարոզարշավն Ախալքալաքի գյուղերում (Photo)
Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն 10 րոպե կարճատև զրույց ունեցավ Թոթխամ գյուղում, որից հետո քարոզարշավի մասնակիցները երեք մեքենաներով շարժվեցին դեպի հարևան՝ Կորխ գյուղ: Այստեղ նույնպես մարդաշատ չէր, գյուղի կենտրոնում 5-6 հոգի էին հավաքված:
«ՄԱՇ»-ի քարոզարշավը Կորխում հարց ու պատասխանի ձևաչափով: Գյուղացիների հիմնախնդիները լսելուց հետո Ռաիսյանը անսպասելի և կտրուկ տոնով ասաց. – Դուք ասում եք, այս չունենք, այն չունենք, հասարակ և տրամաբանական մի հարց, ինչի պետք է ունենաք, պետք է պահանջատեր լինեք, որ ունենանք:
«Դուք ջուր չեք ունենա, աշխատատեղ չեք ունենա, ճանապարհ չեք ունենա, քանի որ ձեր ձայնը վաճառում եք, դուք պետք է այս հասարակ բանը հասկանաք: Մի օր ըմբոստացեք, 70 տոկոս ձայն տվեք ընդդիմությանը, որ Թբիլիսիում զարմանան, որ Կորխում մարդիկ քնից զարթնել են, իրեց մարդ են զգացել, հայ են զգացել, տեսակ են»,- գյուղի կենտրոնում հավաքվածներին ասաց Մելիք Ռաիսյանը:
Հաջորդիվ քարոզարշավի խումբը ժամանեց Օրջա և Խանդո գյուղեր: Քարոզարշավի հռետորաբանությունը բոլոր գյուղերում գրեթե նույնն էր: Խոսում էր միայն Մելիք Ռաիսյանը: Խանդոյում նա նախ խոսեց խանդոցիների միասնական ու ամուր տեսակի մասին, այնուհետև խնդրեց հոկտեմբերի երկուսին ձայն չտալ իշխանությանը:
«Բոլորդ էլ հեռուստատեսությամբ, երկրի գլխավոր ալիքով տեսել եք, որ իշխանության թեկնածուները՝ Անիվարդ Մոսոյանը՝ Նինոծմինդայում և Մելքոն Մակարյանը գործակալներ են: Նրանք Վրաստանի գործակալներ չեն, այլ թուրք-ադրբեջանական: Մենք պետք է վերջապես մեր հստակ դիրքորոշումն ունենանք այս հարցում և դեմ քվեարկենք իշխանություններին», – խանդոցիներին ուղղված իր խոսքում ասաց Ռաիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: