Վաչիան գյուղից Գոհար Ավենյանը Ախալքալաքում առաջինն էր, ով covid-վիճակախաղում շահեց 100 լարի։ Նա մանկավարժ է, 27 տարի է դասավանդում է Վաչիանի հանրային դպրոցում։
Իր մասնագիտական և ուսուցչի պատասխանատվություն զգալով նա սեպտեմբերի 15-ին COVID-19-ի դեմ պատվաստվել է Ախալքալաքի հոսպիտալում, Sinopharm պատվաստանյութով։ Հիվանդանոցում սպասելիս է եղել պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ընդունելուն, երբ հեռախոսահամարին հաղորդագրություն է ստացել, որ վիճակախաղում 100 լարի է շահել։
«Ես հիվանդանոցում էի այդ պահին, երբ տեղեկացա, ճիշտն ասած ոչ էլ սպասում էի, որ կշահեմ։ Հանկարձակի հեռախոսիս հաղորդագրություն եկավ, բացեցի նամակը «covid lotto» էր կարծես անունը, անակնկալ էր ինձ համար: Հաղորդագրությունը ստանալուց հետո, իմ հետաքրքրությունը մեծ էր, մտա կայք, ստուգեցի, տեսա, որ 100 լարի շահել եմ»,- ասում է Գոհարը:
Ինչպես տարրականի ուսուցչուհին է ասում, նրա շահումը դպրոցում ոգևորության առիթ չի հանդիսացել, ոչ էլ պատվաստվելու շարժառիթ եղել։ Նա իր ցանկությամբ է գնացել պատվաստման, անգամ չի էլ մտածել, որ կարող է շահել, ինչպես ինքն է կատակում՝ «քաջ Նազարի բախտը, որ կա այդ է եղել»։
Տիկին Գոհարը դեռ չի մտածել, թե ինչպես պետք է օգտագործի շահած գումարը։ Սակայն մտածում է, կարող է ընդհանրապես չգնա այն ստանալու, քանի որ նշում է, մինչև հասնի Թբիլիսի հետ գա, 100 լարի կծախսի։