Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի և Վրաստանի ակնկալվող մուտքը ՆԱՏՕ «բացարձակ անհեռանկարային մտադրություն» է անվանել: Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ Սոչիում «Համայն Ռուսաստան-2021» լրագրողական համաժողովում:
«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները պետք է հասկանան, որ խոսքը ճնճղուկ չէ, և եթե նրանք այս մակարդակով հայտարարլ են՝ Ուկրաինան և Վրաստանը կլինեն ՆԱՏՕ-ի կազմում, իսկ հիմա նրանք քաջ գիտակցում են, որ դա ճանապարհ է դեպ առ ոչինչ, որ դա բացարձակ անհեռանկարային մտադրություն է, ուրեմն նման խոսքեր շռայլելու կարիք չկա», – հայտարարել է Լավրովը:
Նախարարը մատնանշել է 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված ՆԱՏՕ-ի Հռչակագրի և նույն տարվա օգոստոսին ռուս-վրացական պատերազմի միջև կապը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի որոշումը «վատ է անդրադարել» Միխեիլ Սաակաշվիլիի վրա, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Վրաստանի նախագահի պաշտոնը:
«Սա նրան հոգեբանական առումով մի փոքր շեղեց, ստեղծեց պատրանք, որ ՆԱՏՕ-ն այժմ պայքարելու է նրա համար, հետ է վերցնելու այն հողերը, որոնք նա կեղեքում էր», – հավելել է նա:
2008 թվականի ապրիլին՝ Բուխարեստում կայացած գագաթնաժողովում, Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունեց քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը ժամանակի ընթացքում կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: 2011 թվականին Վրաստանը ստացավ «ՆԱՏՕ-ի ասպիրանտի» կարգավիճակ: 2014 թվականին Ուելսի գագաթնաժողովը հաստատեց միջոցառումների փաթեթը, որը Վրաստանին պիտի օգներ Դաշինքին անդամակցելու հարցում:
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռները «բաց են Վրաստանի համար», սակայն այդ կազմակերպությունում երկրի հնարավոր մուտքի ժամկետները չեն անվանվում:
Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության ամրապնդմանը և այդ դաշինքի ընդլայնմանը դեպի իր սահմանները: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Վրաստանի ռազմականացման ուղղությամբ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամների ձեռնարկվող ջանքերը հատկապես մտահոգիչ են տարածաշրջանում: Ավելին, դա չի ամրապնդում Վրաստանի անվտանգությունը:
«ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) վերջին հետազոտության համաձայն՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելուն աջակցում է երկրի բնակչության մոտ 80%-ը: