Առաջին դասարանցիները սեպտեմբերի 15-ի փոխարեն դպրոց կգնան հոկտեմբերի 4-ին: Նրանք կսովորեն դասասենյակներում: Այս մասին Վրաստանի Առաջին Ալիքին հայտնել են կրթության նախարարությունից:
«Առաջին դասարանցիները կսկսեն սովորել հոկտեմբերի 4-ից: Երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավման միտման պատճառով մեծ է հավանականությունը, որ երկրի դպրոցների մեծ մասում հոկտեմբերի 4-ից դասերը շարունակվեն դասարաններում: Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա երեխաների շահերից ելնելով, ԿԳ նախարարությունը որոշեց նրանց ուսումն սկսել ոչ թե հեռակա ձևաչափով՝ սեպտեմբերի 15-ին, այլ հոկտեմբերի 4-ին՝ դասասենյակներում: Այս որոշումը կվերաբերի միայն այն քաղաքներին և գյուղերին, որտեղ դպրոցը սկսելու պահին վարակման մակարդակը կլինի 4%-ից ցածր: Որոշումը հիմնված է մանկավարժական կարծիքի վրա, ըստ որի, առաջին դասարանցիների առաջին դպրոցական փորձը պետք է անցկացվի դասարանային միջավայրում՝ շրջապատված դասընկերներով և ուսուցիչներով»,- հայտնում են նախարարությունից:
Նշենք, որ Համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում գտնվող պետական և մասնավոր դպրոցները, արհեստագործական դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կսկսեն հեռակա ուսուցումը, և այս ձևաչափով ուսումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը:
«Համակարգող խորհուրդը հաջորդ որոշումը կքննարկի ըստ հոկտեմբերի 4-ի տվյալների: Բացի այդ, հոկտեմբերի 4-ից հետո ընկած ժամանակահատվածում, այն գյուղերում և քաղաքներում, որտեղ վարակման մակարդակը կնվազի 4%-ից, հեռակա ռեժիմը կչեղարկվի, և ուսումը կշարունակվի ներկա ձևաչափով: Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես և նախորդ կիսամյակում, դպրոցական հանրությանը կառաջարկի ամենաճկուն համակարգը: Մասնավորապես, դպրոցները հնարավորություն կունենան ընտրելու հաճախելու և հեռակա ուսուցման միջև: Բնականաբար, այս որոշումը վերաբերում է նաեւ առաջին դասարանցիներին», – հայտնում են կրթության նախարարությունից: