Երկար տարիներ է, ինչ Խորենիա գյուղի բնակիչները պայքարում էին խմելու ջուր ունենալու համար։ Այսօր նրանց վաղեմի երազանքն իրականություն է, սակայն առաջացել է մեկ այլ խնդիր: Որոշ բնակիչներ խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով, արդյունքում ջուրը ոչ բոլորին է բավականացնում:

Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղի ջրամատակարարման համար պետությունը մեկ միլիոն լարիից ավելի գումար է ծախսել։ Ջրի ակունքը գտնվում է Աբուլ գյուղում և շուրջ 26 կիլոմետր խողովակաշարով մատակարարվում է բնակիչներին, այդ պաճառով Խորենիայի բնակիչները խմելու ջրին անվանում են «Աբուլու» ջուր։

Տասնամյակներով Խորենիա գյուղում չի եղել խմելու ջուր։ Նրանց միակ հուսադրող միջոցը եղել են ջրհորերը և գյուղի միակ աղբյուրը, որը գտնվում է գյուղի սկզբնամասում՝ գետաբերանում։ Այն հաճախ գետի վարարման կամ հորդառատ անձրևների արդյունքում պղտորվում և ողողվում էր գետաջրերով։ Մինչև ջրագծի անցկացումը բնակիչները օգտվում էին այդ աղբյուրից։ Մոտ ապրողները դույլերով, իսկ հեռու ապրողները էշերով էին խմելու ջուրը կրում։ Իսկ կենցաղային կարիքները բավարարելու համար շատերը օգտագործում էին հորի ջուր։ Արտեզային հորերը համեմատաբար բարձր ապրող բնակիչների համար ֆինանսապես թանկ հաճույք էր, թանկ լինելուց բացի՝ ոչ այնքան պիտանի։

Xorenya3

Խորենիայի բնակիչները տարիներ շարունակ դիմում էին շրջանի ղեկավարությանը ջրի հարցը լուծելու համար։ Ի վերջո գյուղի բնակիչների, շրջանային մունիցիպալիտետի, վերջերս հանրայնացած տեսանյութի և մի շարք այլ անձանց միահամուռ ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ այս խնդրին տալ լուծում և գյուղն ապահովել ջրով։

Բնակիչներից մեկը պատմում է, որ 5 տարի առաջ ջրհոր փորելու համար 7000 լարի վարկ է վերցրել՝ գրավ դնելով սեփական տունը։

«Մենք միշտ դիմում էինք ղեկավարությանը, բայց հաճախ անպատասխան էին մնում մեր դիմումները կամ էլ ասում էին՝ հարցը քննարկման փուլում է։ Չէինք հավատում, որ երբևէ ջուր կունենանք։ Դրա համար էլ վարկ վերցրեցի, քանզի էլ առողջություն չունեի էշով կամ դույլով ջուր կրելու։ Մեծ ջանքերի շնորհիվ 46 մետր խորությամբ հորատանցք փորեցինք և ունեցանք մեր սեփական ջուրը, դրանից մի քանի տարի հետո եկավ «Աբուլու» ջուրը, սա գյուղացիների համար իսկապես փրկություն էր»,- պատմում է Խորենիա գյուղի բնակիչներից մեկը:

Վերջինս նաև ավելացնում է, որ հորից ջուր հանելը կապված էր մեծ ծախսերի հետ՝ էլէկտրաէներգիա, հատուկ խորքային պոմպեր, որոնք հաճախ պետք էր փոխել, քանի որ շուտ էին փչանում, և հետո հորի ջուրը պիտանի չէր խմելու համար:

«Ունեցել ենք տանջալի օրեր, բացի նրանից, որ ինքներս խմելու ջուր չունեինք, խնդիր էր նաև ձմռան ցուրտ ամիսներին անասուններին ջրելու հարցը։ Անասուններին տանում էինք սառցակալած գետաբերան, սառույցը կոտրում էինք, որպեսզի կարողանային ջուր խմել»,- պատմում է գյուղի մեկ այլ բնակիչ:

Այսօրվա դրությամբ Խորենիա գյուղն ապահովված է խմելու ջրով, սակայն ջրի խնդիրը գյուղում դեռ արդիական է:

Բանն այն է, որ բնակիչներից շատերը խմելու ջուրը օգտագործում են ոռոգման նպատակով՝ ջրում են տնամերձ հողամասերը: Գյուղացիների միջև կոնֆլիկտն այնքան է խորացել, որ հասել է մինչև Ախալքալաքի քաղաքապետարան:

«Այնպես էր լինում, որ շաբաթներով խմելու ջուր չէինք ունենում»,- ասում է Խորենիա գյուղի բնակիչը։

Քաղաքապետարանը որոշել է զգուշացնել գյուղացիներին, որ խմելու ջուրը անտեղի վատնելու և ոռոգման նպատակով օգտագործելու դեպքում կկիրառվեն պատժիչ միջոցներ, մասնավորապես՝ տուգանք։

Արմինե Ասատրյան