Բոկերիայի անվան կլինիկայում կորոնավիրուսից մահացել է հղի կին: Բուժկենտրոնի բժշկական տնօրեն Ալեքսի Վաչաձեն հայտնում է, որ 30-ամյա կինը հղիության 20-րդ շաբաթում էր, և հուլիսի 27-ին նա ընդհանուր թուլությամբ և տենդով ընդունվել է կլինիկա:
Ինչպես նշել է Վաչաձեն «Ինտերպրես»-ի հետ զրույցում՝ հիվանդի առողջական վիճակը սկզբում կայուն է եղել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք միայն օգոստոսի 13-ին:
«20 շաբաթական հղիությամբ երիտասարդ կինը մահացել է: Նա մեզ մոտ էր բերվել հուլիսի 27-ին, և այդ պահին նրա մոտ արդեն կորոնավիրուսը հաստատված էր: Ընդունման պահին նա հղիության 18-րդ շաբաթում էր: Ընդհանուր թուլություն ուներ, ջերմություն, նա պատվաստված չէր: Մկանների և կոկորդի չնչին ցավեր ուներ: Սկզբում նրա վիճակը լիովին կայուն էր: Նրան տեղափոխել էին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ էլ սկսվել էր նրա բուժումը: Մի քանի օր անց հիվանդը զգացել էր առողջական վիճակի վատթարացում: Վատթարացումը սկսվել էր օգոստոսի 12-ից, երբ էլ պահանջվել էր CPAP-սարքին (խմբ. շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ բուժման սարք) միացում: 13-ին նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, օգոստոսի 16-ին նրան ստիպված էինք արհեստական կոմայի մեջ մտցնել և ամբողջությամբ տեղափոխել մեխանիկական օդափոխության: Դիալիզը հնարավորություն տվեց բարելավել մի շարք ֆիզիոլոգիական պրոցեսներ, սակայն կնոջ մոտ բոլոր ռեսուրսները սպառվեցին, և այսօր գրանցվեց նրա մահը: Նա 30 տարեկան, առողջ կին էր», – ասել է Վաչաձեն: