Վրաստանի նախագահը օգոստոսի 3-ին կնշանակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը: Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ քաղխորհուրդների (Սակրեբուլոյի) և քաղաքապետերի հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից՝ վարչապետի ստորագրությամբ, ընտրություններից 60 օր առաջ:
Օրենսդրությունով ընթացիկ տարվա հոկտեմբերի առաջին շաբաթ օրը սահմանվել է որպես հերթական Սակրեբուլոյի և քաղաքապետի ընտրությունների օր:
Ըստ այդմ, 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին:
Միեւնույն ժամանակ, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կսկսվի օգոստոսի 3-ին: Ըստ այդմ, այս օրվանից սկսվում են գործել նախընտրական քարոզչության շրջանակներում օրենսդրությամբ սահմանված մի շարք կարգավորումներ և սահմանափակումներ:
Ընտրական օրենսգրքի համաձայն, քաղաքական կուսակցությունները և ընտրական սուբյեկտների թեկնածուները հավասար իրավունքներ ունեն և նրանց հավասար պարտականություններ են վերապահվում օրենքով սահմանված կարգով:
Նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական կուսակցությունները, ընտրական սուբյեկտների թեկնածուներն իրավունք ունեն պատրաստել նախընտրական ուղերձներ, հայտարարություններ, գրություններ, լուսանկարներ և այլն:
Արգելվում է խոչընդոտել դրանց տարածումը և խլել դրանք, ինչպես նաև քարոզարշավի նպատակով հատուկ սարքավորումներով հագեցած ավտոտրանսպորտային կամ այլ միջոցները խլել կամ խոչընդոտել դրանց օգտագործումը նախընտրական քարոզչության նպատակով:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել քաղաքական կուսակցություններին/ընտրական սուբյեկտներին` ընտրողների հետ հանդիպումներ, հավաքներ, հանրային բանավեճեր, քննարկումներ, ժողովներ և ցույցեր կազմակերպել և անցկացնել ու ապահովել այդ միջոցառումների անվտանգությունը:
Վրաստանի պետական բյուջեից/տեղական ինքնակառավարման միավորի բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների/շնորհանդեսների կազմակերպչին արգելվում է քարոզչություն իրականացնել: Վերը նշված արարքը կդիտարկվի որպես վարչական ռեսուրսի օգտագործում: