նորություններ • 2 Հոկտեմբերի, 2026 • Telegram-յան ալիքը` Ախալքալաքում խուճապի պատճառ. չարագործները կարող են լուրջ պատժվել

Ախալքալաքում վերջին օրերին տարածում է ստացել Telegram-յան մի ալիք, որտեղ անհայտ անձինք հրապարակում են Ախալքալաքի երիտասարդների լուսանկարները՝ դրանց կից տեղադրելով նվաստացնող, անպարկեշտ և սեռական բնույթի մեկնաբանություններ։ Հարկ է նշել, որ այս տարի Վրաստանի ՆԳՆ-ն կից բացվել է Հատուկ վարչություն, որը զբաղվում է նմանատիպ հարցերով, պատասխանատվության կանչելով համացանցում և հասարակական վայրերում իրենց անպարկեշտ պահողներին։

Վերոնշյալ ալիքում հրապարակված են նաև բազմաթիվ ոչ ախալքալաքցի աղջիկների և տղաների լուսանկարներ, ոմանք անփութորեն վերափոխված են և երիտասարդներին մերկ են ներկայացնում։

2-3 օր է, երբ սկսել են այդ ալիքներում ախալքալաքցի երիտասարդների նկարներ հրապարակել։ Սա լուրջ անհանգստություն է առաջացրել Ախալքալաքում հատկապես դպրոցականների և նրանց ընտանիքների շրջանում։ Երիտասարդները զանգվածաբար հեռացնում են լուսանկարները սոցիալական ցանցերի իրենց էջերից, փակում կամ սահմանափակում են հասանելիությունը, իսկ քաղաքում տարածվում է անհանգստություն և վախ։

Jnews-ը տարբեր տեղեկություններ ու բողոքներ է ստացել քաղաքացիների կողմից։ Մեզ դիմել են ինչպես ծնողներ, այնպես էլ ուսուցիչներ և հասարակ քաղաքացիներ։

«Դպրոցում խուճապ է, երեխաները վախի ու լարվածության մեջ են, բոլորը ջնջում են իրենց նկարները, վախենում են, որ իրենց նկարները նույնպես կհայտնվեն այդտեղ։ Քանի որ մեր հասարակությունն այսօր ավելի շատ հավատում է կեղծ լուրերին, քան իրականությանը։ Սա հոգեբանական մեծ ճնշում ու հարված է մեր երեխաներին, մենք պետք է հավաքվենք ու գտնենք նրան, ով կանգնած է սրա հետևում։ Այդ մարդը պետք է օրենքի առաջ կանգնի և պատասխանատվություն կրի»,- մեզ ուղարկած հաղորդագրության մեջ նշում է Ադամ Այվազյանը։

Տուժողները հիմնականում դեռահաս աղջիկներ են, սակայն կան նաև տղաներ։ Ինչպես Jnews-ը ճշտեց, տղաներից ոմանցից պահանջել են կիսվել ծանոթ աղջիկների կոնտակտներով և նկարներով, հակառակ դեպքում սպառնացել են հրապարակել հենց իրենց նկարները։ Տղաների հրաժարվելուց հետո պահանջել են գումար, իսկ դա էլ մերժելուց հետո բլոկել են, որ չկարողանան զանգահարել և հրապարակել են նկարները։

Բոլոր կոնտակտները եղել են Տելեգրամյան ալիքով և հիմնականում Հայաստանում գործող համարներով։ Սակայն տուժողներից մեկը պատմեց Jnews-ին, որ ծանոթ ծրագրավորողները բացահայտել են, որ IP հասցեն Ախալքալաքում է եղել։

Ալիքից նկարները ջնջելու կամ չհրապարակելու փոխարեն տարբեր պահանջներ են ներկայացնում՝ այլ անձանց տվյալներ, գումար, Աստղեր, Կանալ, Պրեմիում, Nft, Crypto և այլն։

«Նկարներս ջնջելու համար պահանջում էին Telegram-ի վճարովի նվերներ և Telegram-ի 400 աստղ։ Նվերը ես ունեմ իմ օգտատերում, դա հնարավոր է զարգացնել և վաճառել, իսկ աստղերը մոտավորապես 30 լարի արժե։ Մոտավորապես ընդհանուր 50 լարի արժողությամբ են։ Գրել էր՝ եթե չկատարեմ ասածը, ամբողջ կյանքում ինձ տարածելու է։ Երևի խմբերից են գտնում։ Իմ ընկերուհու լուսանկարն էլ էին հրապարակել, երևի ինձնից էին գտել, քանի որ նա ինձ նվեր էր ուղարկել, և դա երևում էր իմ էջում, հիմա իմ էջը փակ է», — պատմում է տուժածներից մեկը։

Jnews-ը կոչ է անում Ախալքալաքի բնակիչներին՝ եթե նման հրապարակումներում հայտնաբերել եք ձեր, ձեր երեխայի, ընկերոջ, հարազատի կամ ծանոթի լուսանկարը, մի փորձեք հարցն ինքնուրույն կարգավորել և մի ենթարկվեք հնարավոր ճնշման կամ շանտաժի։

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր լուսանկարները հրապարակել, սակայն այս փաստը չի նշանակում, որ որևէ անձ իրավունք ունի այն վերցնել, տարածել և օգտագործել ուրիշին նվաստացնելու կամ վարկաբեկելու նպատակով։

Ոստիկանությունում տեղեկացված են ստեղծված իրավիճակի մասին, սակայն քաղաքացիների կողմից պաշտոնական դիմում բողոք դեռևս չեն ստացել գործին ընթացք տալու համար։

Կարևոր է չփոխանցել այդ նյութերը ընկերներին, խմբերին կամ այլ ալիքներին՝ նույնիսկ «նախազգուշացնելու» նպատակով։ Այդ կերպ հնարավոր է ակամայից ավելացնել տարածման շրջանակը և ավելի մեծ վնաս հասցնել տուժածին։

Հատկապես կարևոր է, որ ծնողները երեխաների հետ խոսեն հանգիստ և առանց մեղադրելու։ Եթե երեխայի լուսանկարը նման հրապարակման մեջ է հայտնվել, մեղավորը լուսանկարում հրապարակված անձը չէ, այլ հրապարակողն է, ում պետք է օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկել։

Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն անձնական կյանքի վերաբերյալ տեղեկության կամ անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման, օգտագործման կամ տարածման համար, եթե դրա հետևանքով էական վնաս է պատճառվել։ Օրենքն առանձին նախատեսում է նաև ինտերնետի, սոցիալական ցանցերի կամ այլ հրապարակային միջոցների միջոցով նման տվյալների ապօրինի օգտագործման կամ տարածման դեպքերը։

Եթե տարածվող նյութը վերաբերում է անձնական կյանքի գաղտնիությանը, կարող է կիրառվել նաև Քրեական օրենսգրքի 157¹ հոդվածը։ Այդ հոդվածով անձնական կյանքի գաղտնիքի ապօրինի տարածումը, այդ թվում՝ ինտերնետի միջոցով, կարող է պատժվել ազատազրկմամբ՝ մինչև 7-8 տարի։

Միաժամանակ, եթե նման հրապարակումներում ներգրավված են անչափահասներ, իրավիճակը հատկապես զգայուն է և պահանջում է իրավապահների անհապաղ արձագանք։

Jnews-ը շարունակելու է հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կներկայացնի նոր տեղեկություններ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝