Սիբիրյան խոցի ախտանիշներով 7 մարդ է տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում:
Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրել է, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում, գրում է Արմենպրեսը:
«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել գյուղի 7 բնակիչ: Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,- նշել է վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել սիբիրայն խոցի հաստատման, սակայն հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին:
«Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք: Նրանց վիճակն այս պահին նորմալ է»,- ասել է նա:
Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզում սիբիրյան խոցի 3 դեպք է գրանցվել։ Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։
Աղբյուրը՝ PanArmenian.net