Ախալքալաքում երկու անհայտ անձինք դիզելային վառելիքի կեղծ կտրոններ են վաճառել: Խաբեբաները հայտնաբերվել են, իսկ գումարը վերադարձվել է տուժածներին, ովքեր Օրջա գյուղից են:

Մարտ ամսի կեսերին երկու անհայտ անձինք Օրջա գյուղի տրակտորիստ-մեքենավարներին են վաճառել դիզելային վառելիքի կեղծ կտրոններ՝ էժան գնով:

Օրջա գյուղի բնակչի Պետյա Մկոյանի խոսքով, մարտի 14-ին նրանց զանգել է իրենց ծանոթներից մեկը և հաղորդել, որ քաղաքում վաճառվում են էժան դիզելային վառելիքի կտրոններ:

«Մեզ զանգեցին, ասացին, որ վաճառվում են էժան դիզելային վառելիքի կտրոններ 1 լիտրի համար 80 թեթրի: Ընդհանրապես 1 լիտր դիզելային վառելիքը արժի 1 լարի 10-15 թեթրի: Քանի որ մենք տրակտորիստներ ենք, դրա համար էլ մեզ են զանգել: Մենք գնեցինք մի կտրոն, տարանք բենզալցակայան և գնեցինք դիզելային վառելիք: Աշխատողները ստուգեցին ամեն ինչ նորմալ էր: Միայն դրանից հետո, մենք վճարեցինք նրանց բոլոր կտրոնների համար ու գնեցինք մնացած բոլոր կտրոնները: Բայց երբ տարանք բենզալցակայան, այնտեղ աշխատողները նայեցին, ու ասացին, որ կտրոնները կեղծ են»,- պատմում է Պետյա Մկոյանը:

Կեղծ կտրոններ, այդ ժամանակ գնել էին յոթ մարդ, բոլորը` Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի բնակիչներ էին: Փաստի վերաբերյալ, Վրաստանի ՆԳՆ Ախալքալաքի ղեկավարությունը քրեական գործ է բացել, 180 հոդվածի (2-րդ մասի) «խարդախություն» կետի համաձայն:

Մեկ ամիս անց, ապրիլի վերջին խաբեբաները հայտնաբերվեցին: Օրջա գյուղի բնակիչները զարմացած ու շնորհակալ էին, երբ խաբեբաները գտնվեցին և հետ վերադարձրեցին իրենց վճարած գումարները կեղծ կտրոնների համար: Օրջա գյուղի բնակիչների խոսքերով այն բանից հետո, երբ վերադարձրել են իրենց փողերը` 1120 լարին, նրանք հետ են վերցրել իրենց բողոքները:

Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը մեզ հաղորդեց, որ գործի քննումը դեռ ընթացքի մեջ է, և որ ներկա պահին այլ մանրամասներ չեն կարող հաղորդել, սակայն, ինչպես ասում են Օրջա գյուղի բնակիչները, խաբեբաները երկուսն էին, նրանցից մեկը Ադիգենից էր:

Շուշան Շիրինյան