Վրաստանի հույների միությունը ապրիլի 23-ին իրենց հաշվետու-ընտրական հանդիպման ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, երբ հայերի հետ միասին սպանվել են և հույներ և ասորիներ:
Ապրիլի 23-ին Թբիլիսիում Օդիսեյ Դիմիտրիադի անվան դահլիճում տեղի է ունեցել Վրաստանի հույների միության հաշվետու-ընտրական հանդիպումը, ինչն անցկացվում է 5 տարին մեկ անգամ: Հաշվետու-ընտրական հավաքի ժամանակ խոսվել է կատարված աշխատանքի, ապագա պլանների մասին, նաև անցկացվել են միության նախագահի ընտրությունները: Այս պաշտոնում, հույները վերընտրել են Ֆոտիս Չիտլիդիսին:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Ախալքալաքի «Պատրիդա» հունական հասարակական կազմակերպության նախագահը` կոչ արեց հարգել Օսմանյան կայսրությունում զոհված անմեղ զոհերի` հույների, հայերի, ասորիների հիշատակը:
«Մենք պետք է միասնական լինենք և պահանջենք ճանաչել Հայոց Ցեղասպանությունը», – ասաց Միխայիլ Կոլիկիդին: Օսմանյան կայսրությունում հույների սպանությունները կատարվել է 1915-1923-ական թթ. ժամանակահատվածում, սակայն պոնտոսցի հույների Ցեղասպանության օրը համարվում է մայիսի 19-ը, քանի որ հենց այս օրը 1919 թվականին, Քեմալ փաշայի զորքերը իրականացրել են հույների սարսափելի կոտորածը:
Այդ օրը, զոհվել է մոտ 23 000 հույն Կերասունդայում: Չնայած դրան, հույների ցեղասպանությունը սկսվել է Խեոսի կղզուց, որտեղ բնաջնվել են 124 000 հույն մեկ գիշերվա ընթացքում, ողջ են մնացել միայն կանայք, ում սպասվում էր ստրուկների ու հարճերի ճակատագիրը, և հիվանդ ծերերը, այն էլ ընդհամենը` 4000 մարդ:
Քրիստինե Մարաբյան