Ինչպես արդեն JNEWS-ը հայտնել էր իր «112» և այլ ծառայություններ հայերեն լեզվով հոդվածում, Վրաստանի որոշ պետական հաստատություններ, որոնց պահանջարկը շատ է հասարակության կողմից, ունեն նաև հայկական կայքեր կամ օպերատորներ։ Jnews-ը ստուգեց դրանց աշխատանքը:
Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի գրասենյակից տեղեկացանք, որ հայերեն լեզվով հասանելի են ինչպես կառավարության թեժ գիծը՝ 144-ը, այնպես էլ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի՝ 116 001-ը։ Սակայն ճշտելուց հետո դա չհաստատվեց:
Jnews-ը զանգահարեց երկու կենտրոնների թեժ գծերով, թե՛ կառավարության, թե՛ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի օպերտորները մեզ ասացին, որ իրենց կենտրոնում չկա հայալեզու օպերատոր, սակայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կարող են պատասխանել ռուսերեն լեզվով։
Զանգահարեցինք նաև «112»։ Երբ պատասխանեց օպերատորը, մենք ցանկացանք խոսել հայալեզու օպերատորի հետ, արդյունքում մեզ պատասխանեց ռուսալեզու օպերատորը, սակայն մենք նորից ցանկացանք խոսել հայալեզու օպերատորի հետ։ Մի քանի րոպե կապի մեջ լինելուց և սպասելուց հետո օպերատորը ասաց, որ մեզ հետ կզանգի հայալեզու օպերատորը։ Մոտավորապես 5-10 րոպեի ընթացքում մեզ զանգահարեց հայալեզու օպերատորը։
Այսինքն՝ 112-ի հայալեզու օպերատորի կամ թարգմանչի հետ կապը այդքան էլ հեշտ չէ, բայց հնարավոր է։
Այս մասին չգիտեն Ջավախքի բնակիչները, ովքեր շտապ օգնություն կանչելու համար ոչ թե զանգում են «112», այլ փնտրում են վրացերեն իմացող ծանոթի, ով կզանգահարի: