Կարծախի սահմանային անցակետը բաց է: Տեղեկություններն այն մասին, որ ջավախահայերը փակել են թուրքական բեռնատարների ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը:
Ապրիլի 20-21-ին թուրքական, հայկական և ռուսական լրատվամիջոցները սկսեցին լայնորեն տարածել, որ թուրքական բեռնատարները Կարծախի (Չըլդըրի) սահմանային անցակետից հրաժարվել են և բեռնափոխադրումները իրականացնում են Վալե սահմանային անցակետով: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմից հետո թուրքական մեքենաները խուսափում են երթևեկել վրաց-թուրքական Կարծախի սահմանային անցակետով: Արդյունքում Վալե սահմանային անցակետում 4 կմ երկարությամբ բեռնատարների հերթ է գոյացել: Թուրքական կողմը պատճառաբանում է, որ «ջավախահայերը հարձակվում են թուրքական բեռնատարների վրա»:
Թուրքական լրատվամիջոցների տարածած այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: jnews.ge լրատվականը փորձեց հենց տեղում Կարծախի բնակիչներից ճշտել տեղեկատվությունը: Մեզ հետ զրույցում Կարծախ գյուղի բնակիչները հերքեցին թուրքական կողմի տարածած լուրերը, թե «իրենք քարեր են նետում բեռնատարների ուղղությամբ»:
«Այդպիսի բան չկա, իրենք շատ հանգիստ երթևեկում են: Գյուղն ապրում է իր հոգսերով, մարդիկ դաշտերը ցանք են անում: Իրենք հատուկ ուժերի թելադրանքով նման լուրեր են տարածում, որ մենք՝ հայերս վատն ենք: Ճիշտ է թուրքը մեր աչքի լույսը չէ, բայց ոչ-ոք չի խոչընդոտում իրենց ելքն ու մուտքը»,- պատմեց Կարծախ գյուղի բնակիչ Աշոտը, չցանկանալով նշել ազգանունը:
Կարծախ գյուղից ընտրված Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Ալբերտ Կարապետյանը ևս վստահեցրեց, որ համացանցում սուտ լուրեր են տարածվում և նրանք ովքեր չեն հավատում կարող են ընդամենը մեկ ժամ անցկացնել Կարծախ գյուղում և հետևել թուրքական մեքենաների անցուդարձին:
«Թող բոլոր լրագրողները գան գյուղ ու տեսնեն, անցակետը փակ չէ, ոչ մի վտանգ չկա: Ես անձամբ կարող եմ բոլորին ուղեկցել սահման տեղում ծանոթանալու իրավիճակին: Ժամանակ առ ժամանակ ինտերնետով մի բան գրում են, որ Ջավախքի հայությանը խառնեն իրենց մութ գործերի մեջ: Տեսնես այս անգամ ինչ են մտքներին դրել: Դրանք հաքերներ են և տարածում են, որ մենք կռվարար ենք: Դրանք սուտ լուրեր են, մի հավատացեք»,- ասաց Ալբերտ Կարապետյանը:
Նշենք, որ jnews.ge լրատվականն ի սկզբանե լուրջ չէր ընդունել թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը և չեր անդրադառնում այս հարցին ապատեղեկատվությունը չտարածելու համար, սակայն բազմաթիվ զանգերից, թե ինչ է կատարվում իրականում Ջավախքում որոշեցինք հենց Կարծախում պարզել իրականությունը:
Աղունիկ Այվազյան