Վերջերս Վրաստանում սկանդալ էր տեղի ունեցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու կողմից Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան մանկատուն այցելությունը մերժելուց հետո: Այս մանկատանն ապրում են ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները: Jnews-ը զրուցեց Վրաստանի հանրային պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեի հետ:
Ինչու՞ էր ՄԻՊ գրասենյակը հետաքրքրվել Նինոծմինդայի մանկատնով, և ինչո՞վ էր պայմանավորված մերժումը:
– Հանրային պաշտպանը պարբերաբար մոնիտորինգ է իրականացնում այն պետական և ոչ պետական կազմակերպություններում, որտեղ կան երեխաներ: Բնական է, Նինոծմինդայի մանկատան նման կառույցները նույնպես ներառված են մեր թիրախային խմբում, որտեղ մենք ցանկանում ենք անմիջապես տեղում ստուգել երեխաների իրավունքների հետ կապված իրավիճակը: Այս դեպքում դրա հնարավորությունը մանկատան ղեկավարությունը չտրամադրեց: Եվ մեզ պատասխանեցին, որ մերժումը հիմնված էր Գերաշնորհ Սպիրիդոնի կողմից արգելքի վրա: Նա կարգադրել էր, որ Հանրային պաշտպանի ներկայացուցիչները չպետք է մուտք գործեին այդ տարածք: Դրանից հետո նա իր պաշտոնական պատասխանով հաստատել էր, որ թույլ չի տալիս, որ ՄԻՊ գրասենյակը մուտք գործի այնտեղ: Ինչ վերաբերում է նախապատմությանը, ինչպես արդեն նշեցի, մենք պարբերաբար վերահսկողություն ենք կատարում տարբեր հաստատություններում, այդ թվում` մանկատներում, որոնք գտնվում են ՎՈՒԵ-ի հովանու ներքո, և նման դեպք տեղի է ունեցել միայն Նինոծմինդայի մանկատան պարագայում: Նախորդ տարիներին, մեզ չէին թույլատրել երեխաների հետ առանձին խոսել: Եղել էր դեպք, երբ անցյալ տարի էլ ներս չէին թողել, այս տարի նույնը կրկնվեց:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՄԻՊ գրասենյակը դրանից հետո:
– Մենք պաշտոնապես դիմել ենք պետական գերատեսչություններին: Պետության պարտականությունն է հոգ տանել այնտեղ գտնվող երեխաների մասին, այսինքն՝ պետությունն է այդ երեխաների ներկայացուցիչը: Եվ պետությունը պետք է տեղյակ լինի, թե այնտեղ ինչ է կատարվում: Առաջին հերթին մեզ պետք է ներկայացնեն այս հաստատությանն առնչվող տեսլականն ու ծրագրերը, քանի որ ներկայումս այնտեղ 57 երեխա է գտնվում: Այն փաստը, որ այս երեխաների իրավունքները սահմանափակված են, միանշանակ է, քանի որ Վրաստանում արգելված են նմանատիպ մեծ հաստատություններ, որտեղ ապրում է այդքան ծնողազուրկ երեխա: Եվ երկրորդ, այդ գործողությունները պետք է իրականացվեն պետության կողմից, քանի որ այս հաստատությունը լիցենզավորված է հենց պետության կողմից: Սոցիալական աշխատողը պետք է իրավունք ունենա մուտք գործել այս հաստատություն, իսկ նախորդ տարվանից սոցիալական աշխատողին թույլ չի տրվում մուտք գործել այդ հաստատություն, պատճառը գերաշնորհ Սպիրիդոնի որոշումն է: Պետք է հնարավոր լինի ՄԻՊ ներկայացուցիչների կողմից վերահսկել այս հիմնարկը` անկախ և առանց որևէ միջամտության:
Որքանո՞վ նրանք իրավունք ունեն արգելել ՄԻՊ-ին մուտք գործել մանկատուն:
– Օմբուդսմենն օրենքի համաձայն՝ ՄԻՊ գրասենյակին տրված լիազորությունների շրջանակներում, կարող է վերահսկել և տեսակցել երեխաներին ցանկացած նման հաստատությունում՝ անկախ նրանից այդ հաստատությունները մասնավոր են, թե՞ պետական: Ըստ այդմ, մերժումը դիտարկվում է որպես խոչընդոտ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, ինչը համարվում է վարչական իրավախախտում: Թեև մինչ այս մենք նմանատիպ խիստ մերժում չենք հիշում: Հատկապես կարևոր է պետության միջամտությունը, պետության ներգրավումը, որպեսզի հնարավոր լինի ազատորեն կապ պահպանել պետության խնամքի տակ գտնվող երեխաների հետ:
ՄԻՊ գրասենյակն իր հայտարարություններում նշում է, որ ավելի վաղ Սուրբ Նինոյի մանկատանը գրանցվել էին բռնության դեպքեր, կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը:
– Մենք նախկինում ստուգատես կատարելու հնարավորություն ունեինք, այդ թվում՝ Նինոծմինդայի մանկատանը: 2015 թվականին մենք իրականացրել ենք մոնիտորինգ: Այս մոնիտորինգը պարզել է, որ Նինոծմինդայի մանկատանը եղել են երեխաների ֆիզիկական պատժի դեպքեր, այդ թվում` սնունդից զրկելու, ինչպես նաև պատժի այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ծնկաչոք պահելը և այլն: Ինչպես տեսանք և գիտենք, այսօր այս երեխաները կապ չունեն արտաքին աշխարհի հետ և ինտեգրված չեն: Եվ այն, որ նրանց սոցիալականացումը տեղի չի ունենում, և միակ վայրը, որտեղ նրանք գնում են, դպրոցն է, այն էլ՝ հսկողության ներքո: Եվ ըստ այդմ, մենք կարծում ենք, որ այս հաստատությունում առկա իրողությունն ու պայմանները` անկախ նրանից բռնության փաստ կա, թե ոչ, չեն բխում այս երեխաների շահերից: Մենք նշել ենք, որ հիմնական մարտահրավերը դաստիարակության կոպիտ միջոցառումներն են: Մասնավորապես, երեխաներն ազատ ժամանակ չունեն, որը նրանք կարող էին օգտագործել հասարակության մեջ ինտեգրվելու, հասակակիցների հետ շփվելու և դրսում գտնվելու համար: Արտաքին աշխարհի հետ կապը սահմանափակ է, որ մենք կարծում ենք, որ դա չի բխում երեխաների շահերից և, իհարկե, դա մենք նշել ենք մեր զեկույցներում:
Jnews-ը խոսել է նաեւ մի աղջկա հետ, ով 3 տարի առաջ ավարտել էր Սուրբ Նինոյի պանսիոնը: Այդ աղջկա հետ հարցազրույցը ներկայացնում ենք հետևյալ հղումով: