Վերջերս Վրաստանում սկանդալ եղավ կապված ՎՈՒԵ-ի կողմից Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան մանկատուն այցելելը մերժելու հետ: Այս մանկատանն ապրում են որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները: Jnews-ը զրուցել է այս գիշերօթիկ դպրոցի շրջանավարտներից մեկի հետ, ով լքել է մանկատունը երեք տարի առաջ:

Մեր զրուցակցի խնդրանքով, ով արդեն 21 տարեկան է, նրա անունը և ազգանունը չենք հրապարակում:

Քանի՞ տարեկան էիք, երբ հայտնվեցիք Սուրբ Նինոյի անվան մանկատանը:

– Սկզբում Զեստափոնի քաղաքի մանկատանն էի: Ինչպես ինձ ասել են և գրված է փաստաթղթերում, ես 9 օրական էի, երբ հայտնվել եմ այնտեղ: 2004 թվականին մանկատունը տեղափոխվեց Նինոծմինդա, և 2004 թվականից ի վեր մենք գտնվում ենք Նինոծմինդայում: Երբ ես դարձա 18 տարեկան, ես լքեցի մանկատունը:

Քանի՞ երեխա կար այնտեղ, երբ Դուք այնտեղ էիք:

– Երբ ես այնտեղ էի ապրում, կար 200 երեխա, Զեստափոնիում մենք շատ ավելի էինք: Հետո շատերն ավարտեցին և այժմ այնտեղ ընդամենը 60 երեխա է:

Այս երեխաներից քանի՞սն են ավարտելուց հետո մնացել Ջավախքում:

– Մեր խմբից Ջավախքում ապրելու համար միայն ես եմ մնացել, մնացածը հիմնականում Աջարիայում են, որտեղ հնարավոր է անվճար կրթություն ստանալ: Այդ իսկ պատճառով էլ նրանք գնում են այնտեղ սովորելու: Գերաշնորհ Սպիրիդոնը բացել է այս ուսումնական հաստատությունը: Նրանք, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, գնում են այնտեղ, իսկ ովքեր ոչ՝ ընտանիք են ստեղծում, շատերն են ստեղծել ընտանիքներ: Ես դեռ այստեղ եմ ապրում:

Ինչո՞վ եք զբաղվում:

– Ես չեմ սովորում: Աշխատում էի, բայց չկարողացա շարունակել: Մանկատան երեխաները հիմնականում զբաղվում են արհեստներով և նկարչությամբ:

Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում մանկատանը գտնվող երեխաների նկատմամբ հնարավոր բռնության մասին: Ինչպե՞ս էր վիճակը գիշերօթիկում Ձեր գտնվելու ժամանակ և ի՞նչ եք մտածում այս խոսակցությունների մասին:

– Ես չգիտեմ, թե ինչ են ասում, բայց իմ կյանքը այնպիսին էր, ինպչես ընտանիքում: Մեզ օրական 4 անգամ կերակրում էին: Դայակները մեզ մայրերի պես էին վերաբերվում: Նրանք արձակուրդ չէին վերցնում և 2-3 ամիս թողնելով իրենց ընտանիքները, գալիս էին այստեղ՝ մեզ մոտ: Եվ յուրաքանչյուր երեխայի հետ վերաբերվում էին հարազատ մոր պես, իսկ Գերաշնորհ Սպիրիդոնը` հոր: Իհարկե, ոչ ոք չի կարող փոխարինել ծնողների սերը: Ես չեմ հանդիպել նման խնդրի, ինչպիսին բռնությունն է: Ես նման բան երբեք չեմ տեսել:

Արդյո՞ք մանկատնից որդեգրել են երեխաներ:

-Ես հիշում եմ, որ 2-3 երեխայի որդեգրել էին, բայց շատ դեպքերում, երբ երեխաները որդեգրվում են, նրանք վերադառնում են, նրանք օտար ընտանիքներին չեն հարմարվում: Բայց իմ հիշողության մեջ կա 3-4 դեպք, երբ երեխաները մնացել են ընդունող ընտանիքներում:

Ինչո՞ւ այդքան քիչ:

– Ես կպատմեմ իմ սեփական փորձից, սոցիալական աշխատողները ինձ մոտ էլ էին գալիս, նրանք ինձ ծանոթացրեցին այն ընտանիքի հետ, որտեղ ես պետք է գնայի, և ինձ դուր չեկավ այնտեղի պայմանները: Այստեղ ես շատ ընկերներ ունեի, նրանք ինձ համար ընտանիքի պես էին, ես չէի կարող հարմարվել այդ ընտանիքին: Յուրաքանչյուր երեխա ունի իր սեփական ցանկությունը, նրանց դուր չի գալիս, ապա կարող են վերադառնալ մանկատուն:

Ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան: Ընդհանրապես, ինչո՞վ են զբաղվում երեխաներն ավարտելուց հետո:

– Հավանաբար ընտանիք կկազմեմ, որպեսզի ավելացնեմ վրացիների թվաքանակը (խմբ. ծիծաղում է): Հիմնականում, ուսումն ավարտելուց կամ կրթություն ստանալուց հետո ընտանիք են ստեղծում: Քույրս ընտանիք է կազմել: Ես ապրում եմ Ախալքալաքի թեմում: Քույրս մանկատունն ավարելուց հետո նույնպես ապրում էր ինձ հետ՝ մինչև ամուսնանալը: Քանի որ այլ հնարավորություն չկար: Մեր ամբողջ կյանքը մենք ապրում էինք մանկատանը և չէինք ճանաչում մեզ շրջապատող աշխարհը, որ այս աշխարհը կարող է ահարկու և վտանգավոր լինել: Մենք երիտասարդ ենք, և դա նույնպես վտանգավոր է մեզ համար: Քրոջս ամուսինը խնդրեց քրոջս ձեռքը գերաշնորհ Նիկոլոզից, և նա ամուսնացավ նրա հետ:

Ինչպե՞ս էր անցնում Ձեր օրը մանկատանը:

– Յուրաքանչյուրի օրն անցնում էր իր հայեցողությամբ: Սովորաբար այնտեղ օրը սկսվում էր Սուրբ Պատարագով, որն անցկացվում էր ամեն օր՝ ժամը 9:00-ից: Ժամը 9:30 մենք գնում էինք դպրոց: Դասերից հետո դայակները մեզ տուն էին տանում, իմ կարծիքով դա ճիշտ էր, քանի որ միշտ ծնողներն են իրենց երեխաներին տուն տանում, էքսկուրսիաների տանում: Մեր դեպքում ծնողների դերը խաղում էին դայակները: Դպրոցից հետո նրանք դասերն էին սովորեցնում մեզ, չնայած ես շատ ծույլ էի տնային աշխատանքները կատարելիս, բայց ստիպված էի, և սովորում էի: Հետո ես ասեղնագործությամբ սկսեցի զբաղվել: Որ որոշ սահմանափակումներ լինեի՞ն՝ ոչ, այդպիսիք չկային:

Դուք շփվո՞ւմ էիք նինոծմինդացի այլ երեխաների հետ:

– Այո, իհարկե: Գնում էինք զբոսայգի: Դուրս էինք գալիս նոր տարվա ժամանակ: Նինոծմինդայի բնակիչներն իրենք էին գալիս մեզ այցելության, և մենք նրանց հետ խաղում էինք բակում: Այն, ինչ ասում են, որ փակ է, այդպես չէ՝ միայն դարպասն էր փակ: Եվ նրանք գալիս էին մեզ մոտ ու մենք դուրս էինք գալիս: Միշտ կային հյուրեր: Նրանք զանգահարում էին Գերաշնորհին և ասում, որ ուզում են մեզ այցելել, և շատերը գալիս էին: Մեզ մոտ փակ ոչ մի բան չկար:

Jnews-ը ներկայացնում է նաև Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը մանկատան փակ լինելու հարցում: Նյութը կարելի է գտնել այստեղ: