Վրաց լեզվի օրը, որն ամեն տարի երկրում նշվում է ապրիլի 14-ին, Թբիլիսին կնշի մշակութային և կրթական միջոցառումներով՝ «Fabrika» բազմաֆունկցիոնալ կենտրոնի տարածքում:
«Պետական լեզվի օրվա կապակցությամբ, «Թբիլիսին՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» կազմակերպմամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստան բանկի աջակցությամբ, տարատեսակ ակտիվություններ տեղի կունենան «Fabrika»-ի բաց և փակ տարածքներում, որոնք հավասարապես հետաքրքիր կլինեն ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների համար», – ասվում է միջոցառման ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
Այս օրվա առթիվ նախատեսված են վորքշոփեր և պանելային քննարկումներ, սակայն դրանց մասնակցել հնարավոր կլինի միայն առցանց գրանցում անցնելուց հետո:
Ծրագիրը ներառում է փաստագրական կինոնկարի ցուցադրում և 1978 թ. ապրիլի 14-ի իրադարձությունների վերաբեյալ գրքի շնորհանդես, ինչպես նաև նկարչության, գեղագրության, տպագրության, ստեղծագործական գրքի վարպետաց դասեր, լեզվի և կոմիքսների «արդիականացման» դասախոսություն: Կլինեն նաև հեքիաթների թատերական ընթերցումներ և երեխաների համար տարատեսակ սեմինարներ:
Բոլոր միջոցառումները կանցկացվեն Առողջապահության նախարարության կորոնավիրուսային հանձնարարականներին համապատասխան և կավարտվեն ժամը 19:00-ին:
Վրաց լեզվի օրը սահմանվել է 1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները հիշելու համար: Այս օրը, 43 տարի առաջ, Թբիլիսիում տեղի ունեցան մասսայական հանրային ելույթներ՝ ի պաշտպանություն մայրենի լեզվի, որի շնորհիվ վրացերենը Վրաստանի ԽՍՀ Սահմանադրության մեջ պահպանեց պետական լեզվի կարգավիճակը: