Ջավախքի երիտասարդներն աջակցում են ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների ընտանիքներին և սահմանին կանգնած զինվորներին:
Այս օրերին Ջավախքի յուրաքանչյուր գյուղ ու բնակավայր օժանդակություն է հավաքագրում Արցախի բանակի և զոհված հերոսների ընտանիքների համար: Երիտասարդները թուղթ ու գրիչը ձեռներին տնետուն են անցնում, անուն առ անուն նշում յուրաքանյուրին, ով մասնակցություն է ցուցաբերում:
Ապրիլի 12-ին Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղի երիտասարդները տարբեր մթերքներով բեռնված գազելով ուղևորվեցին դեպի Արցախ: Երիտասարդները «Նինոծմինդա-Բավրա» սահմանային անցակետում 9 ժամ շարունակ բանակցել են հայ սահմանապահների հետ, որպեսզի կարողանան առանց մաքսազերծելու բեռը տեղափոխեն Հայաստան: Ագանա գյուղի բնակիչների ցանկությունն է եղել անձամբ են ամեն ինչ տեղ հասցնել:
Ագանա գյուղի երիտասարդները հավաքված գումարը և մթերքը հատկացրել են Տիգրան Բերակչյանի և Քյարամ Սլոյանի ընտանիքներին:
Երիտասարդները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան 4-օրյա պատերազմի հերոս-նահատակ Քյարամ Սլոյանի գերեզմանին, այնուհետև այցելել նրա ծնողներին:
Հավաքված օժանդակության մյուս մասը նրանք հանձնել են ապրիլյան պատերազմում ընկած մեկ այլ զինվորի՝ Տիգրան Բերակչյանի հարազատներին: