Ախալքալաքում և մունիցիպալիտետի գյուղերում ֆինանսական միջոցների առկայության դեպքում, այդ թվում տարբեր հիմնադրամներից, նախատեսվում է իրականացնել 16 846 170 լարիի 34 տարբեր տեսակի ենթակառուցվածքային աշխատանքներ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հավանություն են տվել 34 նախագծի, որոնց համաձայն մունիցիպալիտետում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային աշխատանքներ: Այս բոլոր աշխատանքների նախագծերը պատրաստ են: Քաղաքապետարանում նախօրոք կազմել են բոլոր նախագծերը, որպեսզի միջոցներ հայտնվելուն պես անմիջապես սկսեն աշխատանքների իրականացումը:

Նախագծերի ցանկում ներառված են ասֆալտապատման աշխատանքներ՝ գյուղերում և քաղաքում:

Գյուղերում հիմնականում շարունակվում է այն ճանապարհների ասֆալտապատումը, որոնք վերականգնվել են նախորդ տարիներին:

1. Լոմատուրցխ-Բուռնաշեթ (1990 մ)

2. Դիլիսկա-Չունչխա-Պտենա (1150 մ)

3. Հոկամ-Քարսեպ (1200 մ)

4. Խանդո-Վարեւան (1880 մ)

5. Ալաթուման-Բեժանո (1620 մ)

6. Չամդուրա գյուղում (1286 մ)

7. Կարտիկամ-Կուլիկամ (1240 մ)

8. Ցանկում ներառված է նաև Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհը, որտեղ կտեղադրվի երկաթբետոնե կոնստրուկցիա:

Քաղաքում մտադիր են ասֆալտապատել բազմահարկ շենքերի բակերն ու այդ շենքեր տանող ճանապարհները:

Պատրաստ է նաեւ Մուրջախեթ գյուղում նոր կամրջի կառուցման նախագիծը, որը կանցկացվի Կրխ Բուլախ գետի վրայով:

Նախատեսվում է վերանորոգել երեք բազմահարկ շենքերի տանիքներ: Ալաթուման և Չունչխա գյուղերում կկառուցվեն սպորտային տարածքներ և երկաթե ցանկապատ: Կարծախ, Վարևան, Էխտիլա, Բալխո, Չունչխա, Սուլդա, Դադեշ գյուղերում կկառուցվի ջրամատակարարման նոր գիծ և անասունների համար ջրամբարներ:

Նախատեսվում է Բարալեթ գյուղի Մշակույթի տան վերականգնում և Դիլիսկա գյուղի մանկապարտեզի վերականգնում:

Պատրաստ է նաև Ամիրանիս Գորայի (Տավշանկա) մոտակայքում գտնվող հանգստի գոտու կառուցման նախագիծը, որի գումարը կազմում է 2 861 223,80 լարի: