Անցյալ տարի Ջավախքի շատ բնակիչներ կորոնավիրուսի համավարակի պատճառով չկարողացան մեկնել խոպան: Ոմանք, ընտանիքի կարիքները հոգալու կամ բուժման ծախսերն ապահովելու նպատակով, ստիպված էին վարկ վերցնել, իսկ ոմանք էլ՝ բիզնես սկսելու և շահույթ ստանալու նպատակով: Բայց և՛ առաջինները, և՛ երկրորդները սպասում են խոպան գնալու հնարավորությանը, որպեսզի կարողանան փակել իրենց վարկերը:

Ռոման Ավագյանը Փոքր Սամսար գյուղից է: Անցյալ տարի, երբ սահմանները փակվեցին, նա ինչ-որ չափով ուրախացավ, որ վերջապես կմնա հայրենի գյուղում, իր ընտանիքի կողքին: Իր եղբոր հետ Ռոմանը որոշեց լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ: Վարկ վերցրեցին, տրակտոր գնեցին: Նրանք ամեն ջանք գործադրում էին, որ ստանային այնպիսի եկամուտ, ինչը հնարավորություն տար բավարարել ընտանիքի կարիքները և փակել վարկը:

kredit6 Ռոման Ավագյանը երեխաների հետ վարկով գնված տրակտորի մոտ

Ռոման Ավագյանի ընտանիքը բաղկացած է 10 անդամից, այդ թվում՝ չորս երեխա: Երկու եղբայր իրենց ընտանիքներով ապրում են ծնողների հետ միասին: Ընտանիքից միայն եղբոր կինն էր աշխատում գյուղի դպրոցում, սակայն նա այժմ դեկրետային արձակուրդում է: Ընտանիքը չի բողոքում ապրուստից: Նրանք ունեն հողատարածք, որը մշակում են ամեն տարի: Սակայն Ավագյաններն ապրում են արտերկրում վաստակած միջոցներով:

kredit samsar Նոր տրակտորը և վիլիսը

Ավագյանների գնած տրակտորն արժե 27 000 լարի: Գումարը, անցյալ տարվա հունիսին նրանք 40% վարկով վերցրել էին «ТВС» բանկից: Վարկը պետք է մարվի երեք տարվա ընթացքում, տարեկան վճարը 8000 լարի է: Եղբայրների համաձայնությամբ նրանք պարտավորվել են վճարել տարեկան երկու անգամ՝ դեկտեմբերին և ապրիլին 4000 ական լարի:

Ռոմանը հույս ուներ, որ ամբողջ ընտանիքով հողագործությամբ զբաղվելու արդյունքում նրանք հեշտությամբ կկարողանային փակել բանկից վերցրած գումարը, իսկ հետո պլանավորել էին գնել նաեւ տրակտորի համար ագրեգատներ, որոնց գինը 10 000 լարի է: Նրանք կարծում էին, որ կմարեն այս վարկը, այնուհետև կվերցնեն մեկ ուրիշը` ագրեգատներ գնելու համար:

Նա հիասթափվել է ինչպես բանկային համակարգից, այնպես էլ այն փաստից, որ ամբողջ ընտանիքով ամեն ջանք գործադրեցին, բայց առանձնապես արդյունք չստացան:

«Դեկտեմբերին մենք հավաքեցինք ամբողջ եկամուտը, հազիվ վճարեցինք, բայց շուտով ապրիլին նորից պետք է վճարենք 4000 լարի: Միջոցներ չենք կարող գտնել, հավանաբար, մեքենան (խմբ. Վիլիս) կվաճառեմ, որպեսզի վարկը մարենք: Մտածեցի գյուղատնտեսությամբ զբաղվելով կկարողանամ վարկը մարել, բայց սխալվում էի: Սպասում եմ ճանապարհների բացմանը, որ կարողանամ մեկնել Ռուսաստան: Խոպանի հույսով եմ, այնտեղ փող կաշխատեմ, բերեմ, որ վարկը փակեմ»:

kredit2 Ռոման Ավագյանը իր տանը

Ռոման Ավագյանը վարկը «փակ աչքերով» չի վերցրել և ոչ էլ շտապ կարգով: Նա շրջել է բոլոր բանկերով, պարզել պայմանները, սակայն տոկոսը բոլոր բանկերում նույնն է եղել: Սա Ռոմանի առաջին փորձն էր վարկի հետ կապված, բայց, ինչպես ինքն է պնդում, սա առաջինն ու վերջինն է, նա այլևս չի պատրաստվում այս նպատակով դիմել բանկ:

«Պարզապես, եթե մենք մեկ-երկու ամիս շուտ ձևակերպեինք, ապա տոկոսները երկու անգամ ավելի ցածր կլինեին: Բայց մենք դրա մասին չգիտեինք: Ընդհանրապես, եթե ես իմանայի, երբեք վարկ չէի վերցնի », – ասում է Ռոմանը:

Ռոմանի մայրը՝ Աստղիկը, ասում է, որ բացի վարկը մարելուց, նաև պետք է ապրել և երեխաներին պահել: Ընտանիքը պահում է նաև հինգ կով:

«Գյուղում շատերն են վարկ վերցնում, մենք էլ փորձեցինք: Կաթը դեռ կարելի է վաճառել, բայց կարտոֆիլը չենք կարողանում իրացնել, որ վարկը փակենք: 50 տոննա կարտոֆիլ ունենք վաճառքի համար », – ասում է Աստղիկ Ավագյանը:

kredit1 Աստղիկ Ավագյանը թոռան հետ

Եթե Ռոմանը վարկ էր վերցրել գյուղատնտեսության մեջ ներդնելու, և դրանից շահույթ ստանալու նպատակով, ապա Հայկ Մալխասյանի մոտ դա այլ կերպ էր:

Հայկ Մալխասյանն եղբոր ընտանիքի և թոշակառու ծնողների հետ ապրում է Էխտիլա գյուղում: Ընտանիքը 11 անդամ ունի: Տունը շատ փոքր է բազմանդամ ընտանիքի համար, տնային տնտեսությունը նույնպես:

Մալխասյանների ընտանիքը վարկի «համը զգացել» էր դեռ 2019 թվականին: Նրանք փոքր վարկեր էին վերցնում, մարման հետ կապված խնդիրներ չեն եղել: Հայկը գնում էր խոպան, գումար ուղարկում, ու այստեղ փակում էին վարկը: Սակայն 2020 թվականի հունվարին հոր բուժման համար վերցված վարկը դարձավ ճակատագրական:

Նա մտածում էր, որ կգնա Խոպան, գումար կաշխատի և կրկին կփակի վարկը, բայց Հայկ Մալխասյանի ծրագրերը, ինչպես և Ախալքալաքի շատ բնակիչների, համավարակը փոխեց: Նա չկարողացավ մեկնել աշխատանքի, և ընտանիքը հայտնվեց անելանելի կացության մեջ: Հայկը չի կարող օրվա հացի համար գումար վաստակել, բացի այդ, ամեն ամիս 800 լարի էլ վարկ վճարել:

kredit3 Հայկ Մալխասյանը իր տան մոտ

Հայկը կատակում է, որ ամեն տարի նա հեռանում էր վերջին ձյան հետ և վերառառնում առաջինի հետ:

«Ես չէի հիշում, թե ինչպես են ծաղկում մեր դաշտերն ու ծառերը: Ամբողջ կյանքում գնացել եմ խոպան: Ելք չկար, ստիպված էինք վարկ վերցնել: Մենք ամեն ամիս հազիվ տոկոսներն ենք վճարում: Վճարման գումարը մենք գտնում ենք հարեւաններից, հարազատներից, այստեղ-այնտեղից, ինչ է լինելու չգիտեմ, մնում է միայն տունը վաճառել: Մենք վարկ էինք վերցրել ծնողներիս բժշկի տանելու համար: Հայրս քիմիաթերապիա է անցնում, յուրաքանչյուր այցի համար վճարում ենք 1200 լարի, սկզբում նա ամեն շաբաթ էր քիմիաթերապիան ընդունում, հիմա՝ երկու ամիսը մեկ: Բացի այդ տանը երեխաներ կան, նրանց հարկավոր է սնվել, հագնվել »…

kredit4 Մալխասյան եղբայրների աղջիկները

Հայկ Մալխասյանը 2000, 3000, 5000-ական լարիով վարկ է վերցրել, այն հետո կուտակվելով հասել է 15 000 լարիի: Այս գումարը մի փոքր նվազեցնելու համար ընտանիքը վաճառել է այն ամենը, ինչը հնարավոր էր:

Հայկը, բարձր տոկոսադրույքով, «Կրեդո» միկրոֆինանսական կազմակերպությունից վարկ էր վերցրել, սակայն հետո չէին կարողացել վճարել: Մեկ այլ վարկ էին վերցրել «ТВС» բանկից և «Կրեդոյի» վարկը մարել:

Նա հույս ունի, որ ճանապարհները կբացվեն, և այս տարի կկարողանա մեկնել Ռուսաստան աշխատանքի:

« Այն իրավիճակում, որում մենք հայտնվել էինք, մտածեցինք, որ ավելի լավ կլինի, եթե գումարը վերցնենք բանկից, քան խնդրենք մեր հարազատներից և հարևաններից», – ավելացրեց Հայկ Մալխասյանի եղբոր կինը:

Հայկը վախենում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այս տարի չհաջողվի մեկնել խոպան: Նրանց միայն տունն է մնացել, եթե ստիպված լինեն տունը վաճառել, ապա որտեղ է բնակվելու հիվանդ ծնողներով և փոքր երեխաներով այս բազմանդամ ընտանիքը:

Վրաստանի բնակչության 67% -ը ունի գոնե մեկ վարկ: Սա երկրի համար պատմական ցուցանիշ է և աշխարհում ամենաբարձրերից մեկն է, ինչպես հայտնում են Վրաստանի ազգային բանկից (ՎԱԲ): Վերջին՝ համավարակային տարվա ընթացքում, անհույս վարկերի քանակը գրեթե կրկնապատկվել է՝ 4.4% -ից դառնալով 8%: Ազգային բանկը մտավախություն ունի, որ մոտ ապագայում այս ցուցանիշը կաճի մինչև 10-11%: