Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի (GRASS), համահիմնադիր, փորձագետ Սերգի Կապանաձեն ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Նրա կարծիքով, Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում Վրաստանը չի կարող անմասն մնալ:
«Իրավիճակը Ղարաբաղում լրջորեն սրվել է: Մեծ է խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Եթե պատերազմ սկսվի, պետք է հիշել, որ Վրաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել հետևյալ հարցերի վերաբերյալ.
– Արդյո՞ք ռուսական ավիացիային թույլ կտանք անցնել մեր տարածքով Հայաստանին օգնելու համար:
– Արդյո՞ք թույլ կտանք, որ թուրքական զորքերը կամ այլ օգնություն տեղափոխվի Ադրբեջան:
– Արդյո՞ք թույլ կտանք ռուսական պահակախմբին անցնել և ամրապնդել Գյումրիում տեղակայված ռազմաբազան:
– Եթե թույլ ենք տալու, ապա ո՞ր համաձայնագրերի հիման վրա՝ պաշտոնական, թե՞ ոչ պաշտոնական:
– Արդյո՞ք մեր նավահանգիստները բաց կլինեն հայկական կամ ադրբեջանական կողմերի համար ռազմական կամ այլ բեռներ ստանալու նպատակով:
– Ինչպիսի՞ն կլինի մեր դիրքորոշումը տարբեր միջազգային կազմակերպությունների նախաձեռնած բանաձևերի վերաբերյալ:
– Կընդունե՞նք արդյոք փախստականների և ինչպե՞ս: Ի՞նչ քանակությամբ:
– Ինչպիսի՞ն են լինելու մեր գործողությունները միջնորդական գործընթացում: Ո՞ւմ կողմից ենք լինելու: Նման իրավիճակում ցանկացած դիրքորոշում կամ դրա բացակայությունը հավասարազոր է որոշակի դիրքորոշման:
– Ինչպիսի՞ն են լինելու մեր գործողությունները, եթե Ռուսաստանն ակտիվացնի գործողությունները Ջավախքում:
– Կցուցաբերե՞նք արդյոք հումանիտար օգնություն: Որքա՞ն միջոցներ ենք հատկացրել այդ նպատակների համար:
– Կտրամադրե՞նք արդյոք մեր տարածքը դիտորդներին և այլ միջազգային առաքելություններին, որոնք շահագրգռված են հակամարտությանը միջամտելու հարցում:
– Կիրականացնե՞նք արդյոք բարձր մակարդակի այցեր և կոնկրետ՝ ո՞ւր: Ի՞նչ հաջորդականությամբ:
Աստված չանի, եթե Ղարաբաղում խոշորամասշտաբ պատերազմ սկսվի: Չգիտեմ, թե ով է հաղթելու այդ պատերազմում, բայց առավել հավանական է, որ Վրաստանը տանուլ կտա», – գրել է Կապանաձեն:
Այս մասին տեղեկացնում է jam-news.net ինֆորմացիոն պորտալը: