Ախալքալաքի շրջանի ամենաբարձրալեռ և գեղատեսիլ գյուղի՝ Փոքր Սամսարի կյանքն ընթանում է միապաղաղ, դժվար և առանց տարրական կենսապայմանների: Բնակիչները, ովքեր ամուր կապված են իրենց հայրենի գյուղի հետ, արդեն մտածում են տեղափոխվելու մասին:

Ցրտաշունչ Սամսարի առավոտ: Ամեն առավոտ գյուղացիներն արթնանում են այն մտքով, որ պետք է նորից գնան գոմ, կովերին կերակրեն, ջրեն ու կթեն, դրանից հետո թղթախաղ խաղան, ապա` հեռուստացույց դիտեն: Ոչ մի հետաքրքիր և նոր բան:

samsar1

Սամսար գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 2043 մ բարձրության վրա, Սամսարի լեռնաշղթայի ստորոտում, Մթիանի լեռան տակ: Հորիզոնն այստեղ այնքան մոտ է, թվում է ձեռքով կարելի է հպվել, այն ճերմակ «զգեստով» ծածկում են Աբուլ լեռն ու Քերօղլին:

Ըստ օրացույցի, գարնանային առավոտ է, բայց գարունը Սամսար գյուղ գալիս է միայն ապրիլ-մայիս ամիսներին: Գյուղում դեռ ձյուն է, տներում մարդիկ դեևս ձմռան նման վառարաններ են վառում: Շուրջբոլորը ճերմակ ձյուն է, իսկ արևոտ առավոտվա թարմությունից կարծես շնչառությունդ կտրվում է:

samsar7

Մնացական Գաբրիելյանի տունը գյուղում ամենավերջինն է, գրեթե Մթիանի լեռան ստորոտում: Բակում երկու մեծ շուն կար: Անծանոթ մարդ տեսնելով նրանք վազեցին դեպի մեզ, բայց զգալով տիրոջ խաղաղությունը նրանք հանգստացան:

Գաբրիելյան Մնացականի խոսքով, շները նրանց պաշտպանում են գայլերից, աղվեսներից, նա ասում է, որ նույնիսկ արջեր կան իրենց մոտ: Նրանք արդեն սովոր են վայրի կենդանիներին և դրանում առանձնահատուկ բան չեն տեսնում:

samsar4

Մնացական Գաբրիելյանը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ, ունի 5 կով: Առողջական խնդիրների պատճառով նա չի մեկնում խոպան՝ Ռուսաստան: 30 տոննա կարտոֆիլ ունի վաճառելու, խոշոր եղջերավոր անասունների համար խոտն արդեն վերջանում է, վերջանում է նաև վառելափայտը, թեպետ առնվազն երեք ամիս էլ դեռ պետք է տանը վառարան վառեն:

Չնայած խնդիրներին, Մնացականը շատ է սիրում իր գյուղը և այստեղի գեղեցիկ բնությունը:

Գյուղի կենտրոնում մարդաշատ էր, ոմանք արդեն սկսել էին թղթախաղ խաղալ, ոմանք էլ քննարկում էին նորությունները: Լրագրողներին տեսնելով բնակիչներն աշխուժացան: Նրանք միանգամից չանկեղծացան և չխոսեցին: Բայց որոշ ժամանակ անց, իրար ընդհատելով սկսեցին խոսել իրենց խնդիրներից: Նույնիսկ կատակեցին ասելով. «Մենք արդեն հոգնել ենք միմյանցից: Լավ է, որ եկաք, կխոսենք Ձեզ հետ և կիմանանք նորությունները»:

samsar3

Հիմնականը, ինչի մասին գյուղացիները երազում և ցանկանում են՝ բնական գազն է:

«Թող անցկացնեն գազը, որպեսզի իմանանք, որ գյուղում ապագա կա, որ հետո սկսենք տներն ու հողերը սեփականաշնորհել, և սկսենք բարեկարգել մեր տները», – ասաց բնակիչներից մեկը:

Յուրաքանչյուր ընտանիք ամեն տարի 2000 լարիի վառելափայտ է գնում: Սամսար գյուղում ապրում է 76 ընտանիք:

Նրանք այստեղ ճաշ պատրաստելու համար օգտագործում են էլեկտրականություն, գազի բալոնն անշահավետ է, յուրաքանչյուր ընտանիքի գազի բալոնի գնման համար ամսական հարկավոր է առնվազն 120 լարի:

Սեւակ Աբգարյանը դժգոհում է, որ իրենք չկարողացան նույնիսկ օգտվել պետական սուբսիդավորումից:

«Էլեկտրաէներգիան էժան է, գյուղացիներն էլեկտրականություն են օգտագործում, և նրանք չկարողացան օգտվել պետական արտոնություններից, մենք ծախսում ենք ավելի քան 200 կՎտ, ես օգտվել եմ միայն մեկ անգամ», – ասում է Սևակ Աբգարյանը:

Գյուղացիները խոսեցին վատ ճանապարհի մասին, բողոքեցին, որ չեն կարողանում կարտոֆիլը վաճառել:

Սամվել Խաչատրյանը չի ցանկանում մեկնել Ռուսաստան գումար վաստակելու, բայց ստիպված է, անհրաժեշտ է ընտանիքը կերակրել: Անցյալ տարի նա չկարողացավ գնալ, ցանկանում էր տեղում աշխատանք գտնել, բայց չընդունեցին:

«Կարծում եք այնտեղ լա՞վ է, մենք ճանապարհի վրա ծախսում ենք 100 000 (խմբ. ռուսական ռուբլի), մենք այդքան էլ վաստակում ենք, և չգիտենք, թե ինչպես վերադառնանք: Եթե այստեղ աշխատանք լիներ, մեր համար էլ լավ կլիներ, ընտանիքի համար էլ: Անցյալ տարի ամռանը երկու ընկերություն մեր գյուղից ոչ հեռու ճանապարհ էին ասֆալտապատում, ուզում էինք աշխատանքի ընդունվել, բայց չընդունեցին, ասացին աշխատատեղ չկա », – ասում է Սամվել Խաչատրյանը:

Գյուղի ակումբը ավերված է, երիտասարդությունը հավաքտեղ չունի, չգիտի ինչպես անցկացնի ազատ ժամանակը:

samsar2

samsar6

Գյուղում միայն չորս տուն է դատարկ: Բարձրալեռ Սամսարի բնակիչները չեն ցանկանում լքել իրենց հայրենի վայրերը, բայց աշխարհը զարգանում է, և առօրյա կյանքում տարրական կենսապայմանների բացակայությունը նրանց ստիպում է ավելի լավ բնակավայրեր փնտրել: Երբ մենք արդեն հեռանում էինք գյուղից, իմացանք, որ 3 ընտանիք պատրաստվում են լքել կյանքը «բարձունքում»: