Այսօր՝ փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» քայլերթը` Հայաստանի վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախապես հայտարարվել էր, որ այսուհետ ամենօրյա ռեժիմով են իրականացնելու բողոքի ակցիաները:
Բողոքի երթի մասնակիցները քայլել են «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով:
«Երեք տարի առաջ ԱԺ դարպասները բացել էին, ասում էին ԱԺ-ն ժողովրդինն է, Հայաստանում փակ դարպասներ չեն լինելու։ Հիմա նայեք այս դարպասներին, վերջին 2-3 ամսվա մեջ կրկնակի ամրացրել են, սա է այս իշխանության դիմագիծը»,- ԱԺ շենքի դիմաց հայտարարել է դաշնակցական Իշխան Սաղաթելյանը և կոչ արել պատգամավորներին դուրս գալ փողոց և միանալ պայքարին։
Երթի մասնակիցները կանգ են առել նախագահական նստավայրի մոտ:
«Ցավոք սրտի արցախյան կորստից հետո մեր շատ հայրենակիցներ հասկացան, թե 2018 թվականին ում էին բերել իշխանության։ Բայց կարող էին նույն 2018 թվականին հասկանալ, որ իշխանության են բերել մեկին, որը միայն սիրում է նյութապաշտությունը, հարմարավետությունը։ Հիմա, կանգնած այստեղ դիմում ենք ՀՀ նախագահին, որը պաշտոնապես միացավ ժողովրդի շարժմանն ու վարչապետի հրաժարականի պահանջին, որ Արմեն Սարգսյանը պաշտոնական պահանջի տերը լինի։ Դրա համար ունի 2 գործողություն՝ չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է նախագահական պալատ վավերացման և երկրորդը. պետք է դիմի գործողությունների՝ քաղաքացիներին, օրենքը պաշտպանելու և կառավարության ու Նիկոլի հրաժարականը ժամ առաջ իրականություն դարձնելու համար»,- նախագահական շենքի դիմաց հայտարարել է Գեղամ Մանուկյանը։
Անհնազանդության ակցիա իրականացնողները ամփոփել են երթը։ Վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, որ այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասվում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու։
«Սա քաղաքական պայքար չէ։ Մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը։ ՀՀ-ում սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով։ Ամեն օր իրենք խախտում են սահմանադրությունը»։
Երևանում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվել