Վրաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության խթանման պետական գործակալությունը հայտնում է, որ աշխատանքի տեղավորման նպատակով կառավարության ստեղծած հատուկ կայքում մեկ օրում գրանցվել է 53 274 Վրաստանի քաղաքացի, որոնցից 35 121-ը Գերմանիայում աշխատել ցանկացողներն են։
Վրաստանի քաղաքացիների գրանցումը մեկնարկել է փետրվարի 15-ից։ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն գյուղատնտեսության ոլորտում 3 ամսով աշխատել Գերմանիայում, պետք է անցնեն պարտադիր գրանցում՝ հետևյալ՝ http://workabroad.moh.gov.ge/ կայքում։
Գրանցումը կտևի ամբողջ տարի։ Կարող են դիմել 18-60 տարեկան Վրաստանի այն քաղաքացիները, որոնք մեկնումից առաջ երեք ամիս չեն եղել Շենգենյան գոտում:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սեզոնային աշխատանքներում վրացի աշխատուժի ներգրավման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հունվարի 17-ին: Խոսքը միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների մասին է, որոնք սկսվում են ապրիլի 1-ից, և ցանկացողները պետք է բավարարեն որոշակի պահանջներ:
Մեկնարկել է Գերմանիա ժամանակավոր աշխատանքի մեկնողների գրանցումը
Դիմորդները պետք է տարրական հաղորդակցության մակարդակում տիրապետեն գերմաներեն կամ անգլերեն լեզուներին: Լեզվի իմացության պահանջը որոշելու է գործատուն:
Աշխատանքները ներառում են բերքահավաք՝ 1-3 ամսվա ընթացքում, աշխատաժամանակը՝ շաբաթական 5-6 օր, օրական՝ 8-10 ժամ։ Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար կկազմի 9,5 եվրո, որից կհանվեն սննդի ու կացարանի ծախսերը:
Գրանցվելուց հետո Վրաստանի աշխատանքի նախարարության զբաղվածության խթանման պետական գործակալության աշխատակիցները կկապվեն դիմորդների հետ և նրանց կհրավիրեն սպասարկման կենտրոն, որտեղ դիմումատուն պետք է ներկայանա նույնականացման անձնագրով: