Այսօր առավոտյան ուսանողները ցանկացել են հատել վրաց-հայկական սահմանը Նինոծմինդա-Բավրա անցակետով, սակայն խնդիրներ են առաջացել: Նրանք սահմանը կարողացել են հատել միայն ժամեր անց: Բանն այն է, որ Նինոծմինդա-Բավրա անցակետում չի եղել սահմանը հատել ցանկացողների անուն ազգանունները:
Մոտ 35 մարդ, որոնցից մեծ մասը ուսանողներ են եղել, առավոտյան ժամը 9։30-ից մինչև կեսօր չեն կարողացել հատել վրաց-հայկական սահմանը Նինոծմինդա-Բավրա անցակետով: Սահմանապահների մոտ եղած ցուցակում ընդամենը մի քանի ուսանողի անուն ազգանուն է եղել:
Ախալքալաքում «Վրացական երազանքի» գրասենյակից տեղեկացնում են, որ խնդիրը զուտ տեխնիկական է եղել, որն արդեն լուծվել է: Պարզվում է, Արտաքին գործերի նախարարությունը նրանց անուն ազգանունները Նինոծմինդա-Բավրա անցակետի փոխարեն ուղարկել է Սադախլո-Բագրատաշեն մաքսային անցակետ: Արդյունքում մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել:
Սահմանին հնարավոր է հետագայում նույնպես տեխնիկական բնույթի խնդիրներ առաջանան, որոնք լուծելի են:
Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողները վրաց-հայկական պետական սահմանը կարող են հատել, միայն այն դեպքում, եթե Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թույլտվություն տրամադրի։
Ուսանողները պետք է ներկայացնեն անձնագիր և ուսանողությունն հաստատող փաստաթուղթ։ Ընդգծենք, որ որևէ փաստաթղթի թարգմանում կամ նոտարական հաստատում հարկավոր չէ։ Ինչ վերաբերում է Հայաստանում սովորող մինչև 16 տարեկան երեխաներին, այսինքն՝ դպրոցականներին, ապա նրանք պետք է ներակայացնեն ծննդական, անձնագրի և ուսումնական հաստատության փաստաթղթի պատճենները թարգմանված և նոտարով հաստատված։ Ինչպես նաև ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը, ով երեխայի հետ պետք է հատի սահմանը։
Արտաքին գործերի նախարարության կողմից թույլտվություն ստացած անձանց ցուցակը կհրապարակվի JNEWS-ում։
Ընդգծենք, որ այսօրվա դրությամբ վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն տրվում է՝ ուսանողներին, արտագնա աշխատանքի և բուժման նպատակով Հայաստան գնացողներին:
Ներքևում կարող եք ծանոթանալ մինչև օրս սահմանը հատելու թույլտվություն ստացած մարդկանց ցանկը.
Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացած ուսանողների ցանկը (Նինոծմինդա. մաս 1-ին)
Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացած ուսանողների ցանկը (Ախալքալաք. մաս 3-րդ)
Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացած ուսանողների ցանկը (Ախալքալաք. մաս 2-րդ)
Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացած ուսանողների ցանկը (Ախալքալաք. մաս 1-ին)