Երկու տարվա ընթացքում Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամում կուտակվել է ավելի քան 1,3 միլիարդ լարի (392 միլիոն ԱՄՆ դոլար), որից արդեն 624 մարդ սկսել է դրանից ստանալ գումար: Այս մասին հայտնում է Կենսաթոշակային գործակալությունը:
2019-ի հունվարի 1-ից Վրաստանում գործարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, որը պարտադիր բնույթ է կրում: 2021 թվականի փետրվարի 5-ի դրությամբ քաղաքացիների կենսաթոշակային խնայողությունների հաշվին կուտակումների շահութային գումարը կազմել է 116 միլիոն լարի (35 միլիոն դոլար):
Կենսաթոշակային ակտիվները տեղաբաշխված են Վրաստանի կոմերցիոն բանկերում՝ տարեկան 10,8% արդյունավետ տոկոսադրույքով: Ակտիվների 76%-ը տեղադրված է ավանդային վկայագրերի և ժամկետային ավանդների մեջ, իսկ 24%-ը` ընթացիկ տոկոսային հաշիվների մեջ:
Գործակալության տվյալներով, կուտակային կենսաթոշակային համակարգում ներգրավված քաղաքացիների թիվն օրեցօր աճում է: Ամսական միջին հաշվով համակարգին միանում է 12 հազար մարդ:
Ըստ մշակված սխեմայի՝ 24 հազար լարիից (մոտավորապես 7,3 հազար ԱՄՆ դոլար) պակաս անվանական տարեկան եկամտով աշխատավարձի 6%-ը փոխանցվում է քաղաքացու կենսաթոշակային հաշվին՝ քաղաքացին 2%-ը, մյուս 2%-ը վճարում է նրա գործատուն և եւս 2%՝ պետությունը: 24 հազարից 60 հազար լարի (18,2 հազար ԱՄՆ դոլար) տարեկան աշխատավարձով քաղաքացիների դեպքում պետությունը փոխանցում է ընդամենը 1%:
Մինչ գումարի վերադարձը, պետությունն այն ներդնելու է Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող տարբեր նախագծերում: Այս գործընթացն իրականացնում է Կենսաթոշակային գործակալությանն առընթեր Ներդրումային ծառայությունը:
Գործակալության տվյալներով, այս պահին կենսաթոշակային ակտիվներն ամբողջությամբ ներդրված են լարիով:
Գործակալությունը կենսաթոշակային խնայողությունների առաջին ներդրումն իրականացրել է 2020 թվականի մարտին՝ 560 միլիոն լարի (մոտավորապես 170 միլիոն դոլար) գումարի չափով: Այնուհետև միջոցները ներդրվել են բարձր վարկանիշ ունեցող Վրաստանի կոմերցիոն բանկերի ավանդային վկայագրերում: