«Independent» բրիտանական հրատարակությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան ճանապարհորդել: Էստոնիան, Ռումինիան, Իսլանդիան և Կիպրոսը Վրաստանի հետ միասին ընդգրկվել են «Independent»-ի ցուցակում:
«Փետրվարի 1-ից օտարերկրյա զբոսաշրջիկները, ովքեր անցել են COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս, այսինքն, նրանց ներարկվել է պատվաստանյութի երկու դեղաչափ, կկարողանան ճանապարհորդել ամբողջ Վրաստանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ:
Վրաստանը դարձել է առաջին երկիրը, որն ամբողջությամբ վերացրել է սահմանի հատման սահմանափակումները պատվաստված ճանապարհորդների համար: Եթե անձը պատվաստվել է, ապա Վրաստան մեկնելու համար այլևս նրան հարկավոր չէ նախապես թեստ հանձնել կամ տեղում հետազոտվել, նրանք նաև կարանտին չեն անցնի», – գրում է «Independent»-ի լրագրող Հելեն Քոֆֆին և նշում, որ Վրաստանում չվերթների սահմանափակումները վերացվել են, որի արդյունքում ավիաընկերությունները կարողացել են վերականգնել ավիաչվերթները: