Վրաստանում կարգելեն դատարանների ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով վարչական կալանքի ժամկետի մինչև 48 ժամ երկարացումը: Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական է ճանաչել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի համապատասխան դրույթը:

Դեկտեմբերի 29-ին, ՍԴ-ն բավարարել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության հայցը «Իրակլի Ջուղելին ընդդեմ խորհրդարանի» գործով: Նորմը ճանաչվել է հակասահմանադրական, համաձայն որի` վարչական կալանքի 12-ժամյա ժամկետը, որը վերջացել է դատարանների ոչ աշխատանքային ժամանակահատվածում, երկարացվում է մինչև 48 ժամ:

Առաջին ատյանի դատարանների և Վերաքննիչ դատարանի աշխատանքային ժամերն են` 09:30-ից մինչև 18:00-ն: Եթե կալանավորման առաջին 12 ժամը համընկել է դատարանի աշխատանքային ժամերի հետ, ապա այդպիսի վարչական կալանքը չի կարող տևել ավելի քան 12 ժամ, բայց եթե կալանքի առաջին 12 ժամը համընկել է ոչ աշխատանքային ժամերի հետ, ապա այդպիսի կալանքը տևում է 48 ժամ, այսինքն՝ երկու օր:

Օրինակ, եթե անձը բերման է ենթարկվել ժամը 18:00-ին, ապա նրա 12-ժամյա կալանքի ժամկետը կլրանա հաջորդ առավոտ՝ 06:00-ին, քանի որ այդ ժամանակ դատարանները դեռ փակ են և նա ստիպված կլինի երկու օր մնալ մեկուսացման ժամանակավոր բանտախցում: Եթե քաղաքացուն բերման են ենթարկել առավոտյան ժամը 5-ին, նրա վարչական կալանքը կավարտվի երեկոյան ժամը 5-ին, քանի որ դատարաններն այդ ժամանակ աշխատում են, ապա կալանքի ժամկետը չի կարող երկարացվել:

«Վիճարկվող նորմը անհավասար դրության մեջ է դնում այն անձանց, ում վարչական կալանքի 12 ժամն ավարտվում է ոչ աշխատանքային ժամերին: Նման մարդիկ ժամանակավոր մեկուսարանում երկու օր ավելի շատ են անցկացնում, քան նրանք, ում վարչական կալանքի 12-ժամյա ժամկետն ավարտվել է դատարանների աշխատանքային ժամերին», – ասված է «GYLA»-ի հայտարարության մեջ:

Սահմանադրական դատարանի որոշմամբ վիճարկվող նորմը իրավական ուժը կկորցնի մինչև 2021 թվականի հունիսի 1-ը: Այս ընթացքում Վրաստանի խորհրդարանը վարչական կալանքի ավելի կարճ ժամկետ կսահմանի այն անձանց համար, որոնց կալանքի 12 ժամը լրանում է դատարանների ոչ աշխատանքային ժամերի ընթացքում: