Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ժամանել են Եվրամիության և Միացյալ Նահանգների դեսպանների հետ հանդիպմանը, որը տեղի է ունենում Վրաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:
Ըստ առկա տեղեկատվության, հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵՄ անդամ երկրների դեսպանները:
«Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հանդիպումից առաջ հայտնել է, որ երկխոսությունը հնարավոր է միայն խորհրդարանական ընտրությունները կրկին անցկացնելու դեպքում:
«Ընտրությունները պետք է կրկին անցկացվեն, այս խորհրդարանը չի կարող ձեւավորվել, սա կեղծված ընտրությունների օբյեկտիվ արդյունքն է», – հայտարարել է Նաթելաշվիլին:
«Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին լրագրողներին ասել է, որ բոլոր միջազգային գործընկերները պետք է հասկանան, որ Վրաստանում անցկացված ընտրությունները «ամբողջությամբ և խայտառակ ձևով կեղծված են»:
«Մենք անընդհատ հանդիպում ենք մեր միջազգային գործընկերների հետ, տեղեկություն ենք տրամադրում ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Մենք երբեք չենք հրաժարվել երկխոսությունից, բայց այս երկխոսությունը պետք է արդյունքի հանգեցնի», – նշել է Ինաշվիլին:
Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը հերթական անգամ կոչ արեց Վրաստանում իշխանություններին և ընդդիմությանը երկխոսել և հույս հայտնեց, որ երկու կողմերն էլ պատասխանատվություն կցուցաբերեն:
«Վերջին օրերին ես կողմերին հորդորում եմ, որ լավ կլինի տեսնել կայացած բանակցությունները: Վերջիվերջո բոլոր կողմերը պետք է առաջնորդություն և պատասխանատվություն ցուցաբերեն, ես դրա հույսն ունեմ», – հայտարարել է Հարցելը լրագրողներին տված մեկնաբանությունում:
Նախօրեին իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հարցը որպես միջնորդներ դեսպանությունների մասնակցությամբ, բարձրացրել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն:
Նա հարցազրույց է տվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը, որում հայտարարել է, որ եթե Վրաստանը ունենա միակուսակցական խորհրդարան, «դա ողբերգություն կլինի»: Վաշաձեն նշել է, որ «ռազմավարական գործընկերների» միջնորդությամբ երկխոսությունը գրեթե սկսվել էր, բայց վերջին պահին այն խափանվեց: Ընդդիմության միավորման այլ առաջնորդներ առավոտյան հայտարարել էին, որ իրենք ոչինչ չգիտեն պատրաստվող երկխոսության մասին:
«Ինչ-որ բան պետք է արվի, որովհետև եթե մենք մուտք գործենք 2021 թ.-ի միակուսակցական, Հյուսիսային Կորեայի նման խորհրդարան և մարգինալ ընդդիմությունով, որն այլևս չունի որևէ իրավական լծակ քաղաքացիների պաշտպանության համար, և մեր բոլոր ժողովրդավարական միավորումների առջև մենք կլինենք մարդիկ, ովքեր չեն կարող ինքնակառավարվել, դա կլինի լիակատար ողբերգություն», – ասել է Գրիգոլ Վաշաձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում:
Հարցին, թե հնարավոր է ինչ-որ բան անել մինչ նոյեմբերի 21-ը, երբ նշանակված են մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլերը, որին ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել, Վաշաձեն պատասխանեց, որ այս հայտարարության մեջ արտահայտում է «իր հուսահատությունը»:
Վաշաձեն կարծում է, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ ընդդիմությունը «ոչ մի դեպքում չպետք է մասնակցի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին»:
«Այսօրվա դրությամբ ընդդիմությունը ոչ մի պարագայում չպիտի մասնակցի երկրորդ փուլին: Եթե մենք սկսեինք այս գործընթացը, որն այսքան ժամանակ մեզ մատնանշում էին հասարակական կազմակերպությունները և մեր ռազմավարական դաշնակիցների ներկայացուցիչները, դա հնարավոր կլիներ», – հայտարարել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հոկտեմբերի 31-ին, իսկ հաջորդ օրն ընդդիմությունը փողոց դուրս բերեց իր կողմնակիցներին` հայտարարելով, որ դրանց արդյունքները կեղծված են: