Թբիլիսիում աճում է կորոնավիրուսային վարակման նոր դեպքերի թիվը։ Երեկ մայրաքաղաքում գրանցվել է 99 նոր դեպք, իսկ արդեն այսօր՝ 111: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսավորված բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն:
Նա հորդորել է բոլորին հետևել հանձնարարականներին և փորձել փրկել Թբիլիսին լուրջ համաճարակային բռնկումից:
«Թբիլիսիում որոշակի աճ է գրանցվում, մենք պետք է պաշտպանենք Թբիլիսին», – ասել է Էնդելաձեն:
Մինչդեռ Աջարիայում, որը համաճարակաբանները հայտարարել են «թեժ կետ», իրավիճակը համեմատաբար բարելավվել է, նախօրեին այս շրջանում գրանցվել է 348 նոր դեպք, իսկ այսօր՝ 259:
«Հաճելի է, որ Աջարիայում համեմատաբար նվազել է նոր դեպքերի թիվը, այսօր դա հաստատված դեպքերի 51%-ն է», – ասել է Էնդելաձեն:
Ինչ վերաբերում է մնացած տարածաշրջաններին, ապա Իմերեթիում հայտնաբերվել է 91 նոր դեպք, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 25, Գուրիայում՝ 8, Քվեմո Քարթլիում՝ 5, Մցխեթա-Մթիանեթիում՝ 5, Շիդա Քարթլիում՝ 2, Կախեթիում՝ 2 նոր դեպք:
Ներկայումս Վրաստանում կա 4 518 ակտիվ դեպք, որոնցից 58 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և գտնվում են արհեստական շնչառության տակ:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 42 վարակակիր, նրանցից 5-ը գտնվում են ծանր վիճակում, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բայց դինամիկան համեմատաբար բարելավվել է նախորդ օրերի համեմատ:
Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 26-ին: Այդ ժամանակվանից առ այսօր լաբորատոր պայմաններում վարակման 9 753 դեպք է հաստատվել: Բուժվածների ընդհանուր թիվը 5235 է, մահացել է 62 մարդ:
5 655 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում, 836 մարդ գտնվում է հիվանդանոցում: 1 230 մարդ գտնվում է Կովիդ֊հյուրանոցներում, ինչը 130-ով ավելին է, քան երեկվա ցուցանիշը: