Բնակչության մեծ մասը մտադիր է մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին (88%), բայց դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու (59%): Այս մասին ասվում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և գործընկեր «CRRC- Վրաստան»-ի անցկացված հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքներում:

Հետազոտության արդյունքների համաձայն, բնակչությանը հուզող խնդիրները հիմնականում վերաբերում են տնտեսությանը, և բնակչությունն ակնկալում է, որ թեկնածուները կխոսեն խնդիրների լուծման ուղիների մասին:

«Նախընտրած թեկնածուին ընտրելիս բնակչությունը նախ հաշվի կառնի կուսակցության տնտեսական քաղաքականությունը (36 տոկոս), առողջապահական քաղաքականությունը (12 տոկոս) և օրենքի գերակայությանը վերաբերող քաղաքականությունը (12 տոկոս):

Բնակչության կողմից տնտեսության վրա շեշտադրումը համապատասխանում է բնակչության համար ամենակարևոր խնդիրների ցուցակին, որը տարիներ շարունակ գլխավորում են զբաղվածությունը (49 տոկոս), աղքատությունը (39 տոկոս) և գները/գնաճը (20 տոկոս): Բնակչության տնտեսական գերակայությունները տարբերվում են՝ կախված բնակավայրերի աշխարհագրական դիրքից: Թբիլիսիում և այլ քաղաքային բնակավայրերում (58 տոկոս և 46 տոկոս) քաղաքացիները գերադասում են տուրիզմի զարգացումը, մինչդեռ գյուղական բնակչությունը առաջնահերթություն է տալիս գյուղատնտեսությանը (75 տոկոս) և անասնապահությանը (59 տոկոս): Մեծահասակների մեկ քառորդը ասում է, որ իրենք գործազուրկ են, ինչը յոթ տոկոսով ավելի է, քան հունիսի հարցումը: Դա, հավանաբար, կորոնավիրուսի տնտեսական ազդեցության արդյունքն է: Տեղական մակարդակում բնակիչներին ամենից շատ հուզում է ճանապարհների վիճակը (31 տոկոս), ջրամատակարարումը (22 տոկոս), շրջակա միջավայրի աղտոտվածությունը (13 տոկոս) և խցանումները (13 տոկոս)», – ասված է ուսումնասիրության մեջ:

Հարցման համաձայն՝ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ բնակչության մեծամասնությունը (56 տոկոս) վստահ է, որ խորհրդարանական ընտրությունները կընթանան ազատ և արդար միջավայրում: Այնուամենայնիվ, որոշ խնդիրներ դեռ անհանգստություն են առաջացնում բնակչության շրջանում: Մասնավորապես, քաղաքացիների մեկ երրորդն ասում է, որ ընտրակաշառքը արդար ընտրություններ անցկացնելու ամենամեծ մարտահրավերն է: Դրան հաջորդում են քվեարկության ընթացակարգերի խախտումները (15 տոկոս) և վարչական ռեսուրսների չարաշահումը (13 տոկոս):

«Այս ուսումնասիրությունն անցկացվել է օգոստոսի 6-11-ը ժամանակահատվածում՝Վրաստանի մասշտաբով (առանց օկուպացված տարածքների) երկրի չափահաս բնակչության 2045 հեռախոսային հարցազրույցների հիման վրա: Սխալի միջին շեմը +/-1.3% է», – նշվում է NDI-ի տարածած տեղեկատվության մեջ: