Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորինս ուսումնասիրում է այլ երկրների փորձը, որոնք վերջերս անցկացրել են ընտրություններ համավարակի ֆոնին:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Երկրի քաղաքացիները կընտրեն 150 պատգամավորի՝ 120-ին կուսակցական ընտրացուցակներով, ևս 30-ին՝ միամանդատ ընտրատարածքներում թեկնածուների օգտին ձայն տալու ճանապարհով: Կուսակցությունների անցողիկ ընտրաշեմը կկազմի 1%: Այս ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում գտնվող 3 501 931 Վրաստանի քաղաքացիներ:

Արդեն հայտնի է, որ պաշտպանիչ դիմակ չունեցող ընտրողներին կարգելվի մուտք գործել ընտրատեղամաս: Ընտրատեղամասերի մուտքի մոտ ջերմաչափման մասին դեռ չի խոսվում:

ԿԸՀ-ն աշխատում է նաև յուրաքանչյուր ընտրողի՝ քվեաթերթիկը լրացնելու համար անհատական մեկանգամյա օգտագործման գրիչով ապահովել ու ուղղությամբ:

Ինչպես նշել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան, ընտրողները, ցանկության դեպքում, կարող են օգտագործել իրենց սեփական գրիչները, որոնք թույլատրվում է բերել իրենց հետ:

Նման միջոցները ներդրվում են կորոնավիրուսի համավարակի ընթացքում քաղաքացիներին պաշտպանելու նպատակով:

«Մենք շատ հարցեր դիտարկում ենք ընտրողների պաշտպանության տեսանկյունից: Ձեռքերի ախտահանիչ հեղուկները հասանելի կլինեն բոլոր ընտրատեղամասերում` ԱՄՆ դեսպանության և «USAID»-ի աջակցությամբ: Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ն նախատեսում է անհատական մեկանգամյա օգտագործման գրիչներ առաջարկել բոլոր ընտրողներին», – հայտնել է ԿԸՀ-ի նախագահը:

Ժվանիան նաև պարզաբանել է, որ ախտահանիչ միջոցները ոչ մի կերպ չեն ազդում այն պիտակավորման հեղուկի վրա, որը ընտրողների վրա կիրառվում է ընտրատեղամասի մուտքի մոտ՝ քվեարկության ընթացակարգից անմիջապես առաջ: