Ախալքալաքի շրջանի Թոթխամ գյուղի բնակիչները դժգոհ են այն փաստից, որ բազմակի բողոքներից հետո գյուղում խմելու ջրի խնդիրը դեռևս լուծված չէ, ջուրը քիչ է:
Թոթխամ գյուղում ապրում է մոտ 40 ընտանիք, այստեղ ամենամեծ խնդիրը խմելու ջրի պակասն է: Թոթամում ջրի ժամանակացույցը երբեմն փոխվում է՝ կախված ջրի քանակից, գյուղում յուրաքանչյուր փողոցում կան հատուկ ժամեր:
Գյուղը բաժանված է 3 մասի: Յուրաքանչյուր մասում ջուրը միացվում է մի քանի ժամով, որպեսզի բնակիչները ժամանակ ունենան ջուր պահեստավորելու:
«Ամեն անգամ ասում են, որ շուտով ջրի խնդիրը կլուծվի, տեսնենք, թե երբ: Մինչ այժմ ոչ մի բան չի արվել», – ասում է Թոթխամ գյուղի բնակիչը:
Թոթխամ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ռադիկ Իրիցյանի խոսքով՝ իրենք այս հարցով բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բայց խնդիրը դեռևս լուծված չէ, և հայտնի չէ՝ առհասարակ այն կլուծվի, թե՝ ոչ:
Ջրից բացի, գյուղում կա նաև գիշերային լուսավորության խնդիր, որը կլուծվի այս տարի: Թոթխամում փողոցները լուսավորվելու են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում հատկացված 10 000 լարիով:
Ըստ Թոթխամ գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ սյուներն արդեն բերվել են և շուտով կտեղադրվեն: Ընդհանուր առմամբ, տեղադրվելու է 12 սյուն:
Բրատիսլավ Իգիթխանյան