Հեռավոր Մոդեգամ գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն գյուղացիները ամենամեծ խնդիրը համարում են բնական բնական գազի բացակայությունն ու ճանապարհների անմխիթար վիճակը։
Ախալքալաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մոդեգամ գյուղի բնակիչները բազմիցս դիմել են ինքնակառավարման մարմիններին, խնդիրներին լուծում տալու համար, սակայն ապարդյուն: Գյուղը հիմնվել է 1830 թվականին, Ազավրեթ գյուղի բնակիչների մի մասը տեղափոխվելով՝ հիմնել են Մոդեգամ գյուղը։ Այսօր գյուղը շուրջ 190 բնակիչ ունի։
Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, հողագործությամբ և անաասնապահությամբ:
Գյուղի ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքից շատ հեռու է գտնվում, ճանապարհները վատ վիճակում են։ Եղել է այնպիսի ձմեռ, որ մեկ շաբաթից ավել ճանապարհները փակ են եղել, և ստիպված անգամ ծնունդ են ընդունել գյուղի բուժկետում։
Խմելու և ոռոգման ջրի խնդիր չունեն, արհեստական լիճը գյուղացիները իրենք են ստեղծել։
«Ընտրությունների ժամանակ գալիս հարթեցնում են ճանապարհները, հետո մոռանում», – ասում է գյուղի նախկին բուժքույր Ժուժունա Պետրոսյանը։
Մոդեգամում խնդիր է բնական գազի բացակայութոյւնը։
«Գազամուղն անցնում է գյուղից 800 մ հեռավորության վրա, բայց գյուղը մինչև հիմա գազաֆիկացված չէ, ամենամեծ խնդիրը դա է: Պայմանների բացակայության պատճառով բնակչությունը կամաց-կամաց տեղափոխվում է։ Իմ թոռներն էլ այստեղ՝ իմ հետ չեն ապրում, քանի որ նրանց համար հետաքրքիր ոչինչ չկա»,- ավելացնում է տիկին Ժուժունան։
Գյուղում նշում են՝ իրենց հիշում են ընտրություններից ընտրություն: Ամեն անգամ խոստանում են, սակայն ոչինչ չեն անում: Տարիներով կուտակված խնդիրների պատճառով գյուղն օր օրի դատարկվում է:
«Տարիներ շարունակ խաբեցին-խաբեցին ու չարեցին, հիմա մեր գյուղացիները, որ լավ մտածեն ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցի: Գալիս են ամեն ընտրության ժամանակ խոսք են տալիս և չեն անում, ամեն անգամ այսպես է, և տարիներ է առանց գազ ենք մնացել։ Այս դարում բոլորը գազ ունեն, մենք առանց գազ ենք մնացել։ Պարոն Մկոյանը խոստացավ, հետո որ գնացինք ասաց, որ թանկ կնստի և այդպես էլ չարեց», – ասում է Մոդեգամ գյուղի բնակիչ Ստեփան Չախալյանը։
Գյուղի դպրոցը 9-ամյա է, որտեղ 8 ուսուցիչ է դասավանդում, իսկ աշակերտների քանակը՝ 10-ն է։
«9-ից հետո աշակերտները գնում են հարևան գյուղերի դպրոցներ։ Պայմանները լավացրին, պետությունը տրանսպորտ է հատկացնում և աշակերտները հեշտությամբ են գնում գալիմ», – հավելում է դպրոցի ուսուցչուհի Ժուժունա Պետրոսյանը։
Մոդեգամում երիտասարդների զբաղվելու համար ոչ մի կենտրոն չկա։
«Գրադարանները փակ են, ակումբ չկա, դպրոցն էլ համարյա փակվելու եզրին է», – ասում է Ժուժունա Պետրոսյանը։
Գայանե Ակոջյան