Մուկուչ Ղազարյանը ժպտերես, դրական և բարի, մեծասիրտ մարդ է, ով ավելի քան 40 տարի է իրեն նվիրել է իր սիրելի գործին: Կյանքն նրանից խլել է լսողությունը, բայց նրան տվել է ավելի մեծ բան` հմուտ ձեռքեր, սուր միտք և սիրող ընտանիք:

Մուկուչ անունով դերձակը հայտնի և համբավ ունեցող արհեստավոր է Ախալքալաքի բնակիչների շրջանում: Կինը նրան օգնում է երկխոսություն վարել արտաքին աշխարհի և մարդկանց հետ, բայց նա վստահեցնում է, որ հաճախորդները հիանալի հասկանում են Մուկուչին նույնիսկ առանց իր օգնության:

papik5

Մանկուց Մուկուչի միայն մեկ ականջն էր լսում, իսկ վերջնականապես նա կորցրել է լսողությունը դպրոցական տարիներին, երբ, ավագ դպրոցի աշակերտների հետ կռվի է բռնվել, ընկել և տապալվել է գետնին: Սակայն այդ փաստը չի խանգարել նրան կյանքի կոչել իր նպատակները, 17 տարեկանից սկսել է զբաղվել կարով և ավելի քան 40 տարի է շարունակում է զբաղվել դրանով: Մուկուչ պապն այժմ 62 տարեկան է:

«Նրա մոտ չկա նման բան, որ տրամադրություն կամ ցանկություն չունենա: Նա ամեն ինչում լավն է` կերուխումի, ընտանիքում, ընկերության մեջ և զվարճանքի ժամանակ», – ասում է Ազնիվը՝ Մուկուչի կինը:

Նա խոստովանում է, որ ամուսինն ընդունակ է և բծախնդիր ոչ միայն աշխատանքում, այլև այլ հարցերում՝ առօրյա կյանքում նրանց ընտանիքը գրեթե երբեք չի օգտվում արհեստավորների ծառայություններից, Մուկուչն ամեն ինչ անում է ինքնուրույն՝ լինի դա էլեկտրականություն, սանտեխնիկա թե վերանորոգման աշխատանքներ: Նա իր փոքրիկ աշխատասենյակը նույնպես ամբողջովին անձամբ է կահավորել և նորոգել:

papik3

Մուկուչը առաջ աշխատում էր նախկին թիվ 1 զինվորական ավանում, որտեղ էլ սովորել է իր արհեստը: Նա 2 ամիս աշակերտ էր, որից հետո անմիջապես սկսել է աշխատել:

«Առաջ ամբողջ զինվորական ավանը քայլում էին Մուկուչի կարած տաբատներով և բաճկոններով: Այժմ նա աշխատում է այստեղ՝ Ախալքալաքում, իր տանը», – հիշում է Ազնիվը:

papik4

Արդյո՞ք Մուկուչը սիրում է իր գործը: Ազնիվը հավաստիացնում է, որ այո: «Իհարկե, նա սիրում է իր գործը, առանց դրա չէր կարող: Նա ամեն ինչ անում է սիրով: Օր չկա, որ նա հաճախորդներ չունենա», – պատմում է դերձակի կինը:

Մուկուչն ունի 2 աննման դուստրեր: Նրանք երկուսն էլ շարունակում են իրենց հոր գործը` ավագը՝ Արմինեն, աշխատում է քաղաքի կենտրոնում գտնվող ատելյեում, իսկ կրտսերը դեռ դպրոցում է սովորում, բայց արդեն ցույց է տալիս կարելու իր ունակությունը: Շնորհիվ այն բանի, որ Մուկուչը հիմնականում կարում է տղամարդու հագուստ, դուստրերը նույնպես ավելի շատ մասնագիտանում են հենց այս ուղղությամբ:

papik6

Ազատ ժամանակ Մուկուչը սիրում է նարդի խաղալ, խնամել այգին ու փոքրիկ հողամասը: Ըստ Ազնիվի, Մուկուչի հիվանդությունը երբեք խնդիրներ չի առաջացրել ո՛չ ընտանիքում, ո՛չ աշխատավայրում: Նրանք նույնիսկ չեն նկատում, որ ընտանիքում կա այդպիսի մարդ, ամեն ինչ սովորական մարդկանց պես է:

papik2

Ամալյա Բաբայան