Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության, Ռաճայում աղետի հետևանքները վերացնելու համար հնարավոր է հարկ լինի 50 000 000 լարի:
Ըստ Գախարիայի, մինչև ենթակառուցվածքների վերականգնումը, բնակչությանը պիտի մատակարարեն և սպասարկեն ուղղաթիռները:
«Ընդհանուր, այս աղետի հետևանքների վերացման համար կարող է պահանջվել մինչև 50 000 000 լարի: Իրականում, այս մարդկանց համար, այն պատճառով, որ նրանք էլեկտրաէներգիա չունեն, կապ չունեն աշխարհի հետ, նախ և առաջ կարևոր է այս տեղեկատվությունը, իսկ հետո՝ մնացածը: Հետևաբար պետք է ասել, որ Գեբին, Փոքր Գեբին, Գլոլան և Շովին այն գյուղերն են, որտեղ աստիճանաբար հասնելու համար, ցավոք սրտի, մեզ հարկավոր կլինի իրականացնել մեկ ամիս ճանապարհաշինական աշխատանքներ, չնայած խոստանում են, որ լավ եղանակի դեպքում էլեկտրաէներգիան կվերականգնվի մոտ մեկ շաբաթվա ընթացքում, բայց այս բոլոր գյուղերի հետ ուղղաթիռների միջոցով ամենօրյա հաղորդակցության մեջ կլինենք: Մենք տարհանում ենք այն մարդկանց, որոնց պետք է դուրս բերել, մենք դուրս ենք բերելու նրանց, ովքեր պետք է դուրս բերվեն, գյուղերը կմատակարարվեն, որևէ խնդիրներ չեն լինի, դրա համար պատասխանատու են ինչպես մարզպետը, այնպես էլ տեղական իշխանությունները», – հայտնել է Գիորգի Գախարիան:
Վարչապետը նշել է, որ ճանապարհը բացելուն պես այդ վայր կժամանեն երկրաբանները և կուսումնասիրեն հողն ու սելավային հուները: Ըստ նրա, որոշ գյուղերում կան ռիսկի գոտում ապրող մարդիկ, և նրանց գուցե հարկ լինի տարհանել:
«Հետևաբար, ճանապարհը բացվելուն պես, համապատասխան ծառայությունները, երկրաբանները կգան այս գյուղեր, կուսումնասիրեն ինչպես հողը, այնպես էլ սելավային հուները, և կկայացվեն որոշումներ, որոնք անհրաժեշտ կլինեն, որպեսզի մեր քաղաքացիներից ոչ մեկը ռիսկի չենթարկվի», – ասել է Գախարիան: