Վրաստանի Խորհրդարանը քննարկում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ, որի համաձայն Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանները կմիավորվեն որպես մեկ մեծամասնական ընտրատեղամաս և կունենան Խորհրդարանում միայն մեկ մեծամասնական պատգամավոր:
Փոփոխությունների համաձայն` փոխվում են ընտրական տեղամասերի սահմանները. մայրաքաղաքում ընտրատեղամասերի քանակությունը մեծանում է, իսկ որոշ տարածաշրջաններում այն նվազում է: 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր նշված օրինագիծը: Քննարկվում էր մեծամասնական ընտրական տեղամասերի սահմանների փոփոխումը` առաջին ընթերցման ժամանակ ներկայացված փոփոխումներ հետ կապված:
Ըստ օրինագծի կլինի 73 մեծամասնական ընտրատեղամաս: Թբիլիսիում 18-ի փոխարեն կլինի՝ 22-ը:
Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղամասը կմիավորվի որպես մեկ ընտրական մեծամասնական տեղամասի, բացառությամբ Ախալքալաքի շրջանի Ազավրեթ, Կոչիո, Պտնա, Բարալեթ ու Չունչխա գյուղերի: Նշված գյուղերը կմիավորվեն Ասպինձայի ու Բորժոմի շրջաններին և միասին կկազմեն մեկ մեծամասնական ընտրատեղամաս:
Բոլնիսի շրջանում, առանց Կազրեթի գյուղի, կլինի մեկ ընտրական տեղամաս:
Ծալկայի ու Դմանիսի շրջանները և Բոլնիսի շրջանի Կազրեթին կմիավորվեն մեկ ընտրատեղամասի մեջ: Մառնեուլի շրջանի Ալգեթի, Կասումլի, Սադախլո, Կապանաչխի, Կուլիտարի, Կաչագանի, Կուլարի միավորվել են մեկ ընտրատեղամասում:
Մառնեուլ քաղաքը, Կիզիլ-Ալչոս, Թամարիսի, Ծերեթելի, Դամիա-Գեուարխարի, Շուլավեր, Շահումյան, Ծերակվի, Խոժոռնի, Աղքյորփի ու Օպերտի գյուղերը Մառնեուլի շրջանի միավորվել են մեկ ընտրատեղամասում:
Շուշան Շիրինյան