Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղում շատ խնդիրներ կան, «բայց իշխանությունները նույնիսկ չգիտեն, որ մունիցիպալիտետում նման գյուղ գոյություն ունի»:
Պտենա գյուղում ոչ բնական գազ կա, ոչ էլ նորմալ ճանապարհներ, և ամենակարևորը գյուղացիները չեն կարող գրանցել իրենց հողատարածքներն և տները, որտեղ նրանք բնակվում են:
Գյուղում ապրում է շուրջ 70 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Այս տարի գյուղացիների համար ավելի շատ խնդիրներ է ավելացել այն պատճառով, որ նրանք չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի:
Գյուղի բնակիչ Դոդո Շավաձեի խոսքով՝ սեզոնի ընթացքում որոշ գյուղացիներ աշխատում էին Թուրքիայում, բայց այս տարի նրանք չեն կարողացել մեկնել կորոնավիրուսի պատճառով:
«Գյուղացիները շատ խնդիրներ ունեն, չգիտեմ որտեղից սկսել», – ասում է նա:
Ըստ գյուղացիների, գյուղը ծերանում է, քանի որ երիտասարդները հակված են հեռանալու: Բոլորը լքում են գյուղը, երիտասարդները նախընտրում են ապրել քաղաքներում, քանի որ գյուղում իրենց ապագան չեն տեսնում:
Ըստ Շուշանիկ Շավաձեի՝ գյուղում ապրելը շատ դժվար է, հատկապես եկվորների համար:
«Մենք ոչինչ չունենք, իշխանությունները նույնիսկ չգիտեն, որ մունիցիպալիտետում նման գյուղ գոյություն ունի: Մենք նրանց միայն ընտրությունների ժամանակ ենք պետք», – ասում է նա:
Գյուղի շատ մարդիկ ցանկանում են ուսումը շարունակել համալսարաններում, բայց ֆինանսական հնարավորությունների պատճառով ոչ բոլորն են կարող դա իրենց թույլ տալ: Այժմ Պտենայից 7 ուսանող սովորում են Թբիլիսիում և Բաթումում:
Գյուղացիները պետությունից խնդրում են ինչ-որ կերպ օգնեն նրանց, անկախ նրանից, թե ինչպիսի օգնություն կլինի:
«Կարևոր չէ, թե ինչպիսի օգնություն կլինի, ամենակարևորը` օգնեն հաղթահարել ծանր իրավիճակը», – ասում է գյուղի բնակիչը:
«Շուտով իմ տունը կփլուզվի, տանիքը վերանորոգելու համար ոչ մի կոպեկ չկա, աշխատանք էլ չկա, որտեղ կարելի է ինչ-որ կերպ վաստակել», – ասում է գյուղի բնակիչը:
Գյուղի բնակիչները պահանջում են, որ իշխանությունները նրանց գոնե տարին մեկ անգամ ուշադրություն դարձնեն:
Պտենա գյուղը 1990-ականների սկզբին վերաբնակեցվել է աջարներով: Այստեղ համատեղ ապրում են մուսուլմաններն ու քրիստոնյաները:
Բրատիսլավ Իգիթխանյան