Կռվախնձոր դարձած Ախալքալաքի Ճավճավաձե N5 փողոցի «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի դատական գործն ավարտվել է։ Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է հայցը, սակայն Ախալքալաքի քաղաքապետարանը որոշումը կբողոքարկի Գերագույն դատարանում: Տուգանված վարորդների գումարները հետ չեն վերադարձվի:
2019 թվականին Ախալքալաքի Ճավճավաձե N5 հասցեում տեղադրված ճանապարհային նշանի պատճառով հակադրվել էին փողոցի բնակիչը, փողոցի վրա գտնվող բուքմեքերական գրասենյակի սեփականատերերն ու քաղաքապետարանը:
Այսօր վերաքննիչ դատարանը բավարարել է Ճավճավաձե փողոցի վրա գտնվող բուքմեքարական գրասենյակի սեփականատեր Միշա Կրմաջյանի հայցը, սակայն՝ մասնակի: Հայցվորը Ախալքալաքի քաղաքապետարանից դատական ծախսերի համար պահանջել էր 3000 լարի փոխհատուցում, վերաքննիչ դատարանը որոշել է, որ քաղաքապետարանը պետք է ընդամենը 1000 լարի փոխհատուցի։
«Ախալքալաքի դատարանը որոշել էր 700 լարի, հիմա Թբիլիսիի վերաքննիչ դատարանը որոշել է 1000 լարի, Կրմաջյանը մեզանից պահանջում է 3000 լարի: Մենք դատարանի որոշման հետ համաձայն չենք, և պատրաստվում ենք որոշումը բողոքարկել գերագույն դատարանում»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի վարչա-իրավական բաժնի ղեկավար Վրեժ Բերիկյանը:
Ինչ վերաբերում է տարածված այն խոսակցություններին, որ նշանի տակ կայանած և տուգանված վարորդներին հետ են վերադարձնելու վճարված գումարները, ըստ Վրեժ Բերիկյանի՝ այդպիսի բան չկա։
«Ախալքալաքի դատարանը որոշել էր, քանի որ արգելող նշանը այդ ժամանակ եղել է, և վարորդը տեսնելով նշանը կայանել է, ապա դա խախտում է։ Վերաքննիչ դատարանը բավարարել է այդ մասով, մտածելով, որ քաղաքապետարանը առանց նորմատիվ ակտ ուեննալու չպետք է տեղադրեր ճանապարհային նշաններ, որի հետ մենք համաձայն չենք և կբողոքարկենք։ Գերագույն դատարանը ինչ որոշում, որ կայացնի դա մեզ համար կլինի հիմք»,- ավելացրեց Վրեժ Բերիկյանը։
Ճավճավաձե փողոցի «Կայանելն արգելվում է» նշանը դեռ տեղում է
«Կայանելն արգելվում է»՝ օրենքի խախտում, թե՞ վերականգնում
Վիճահարույց նշանն ապամոնտաժված է
Դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է Ախալքալաքում «պրոբլեմատիկ» նշանն ապամոնտաժել
Նշենք, որ Ճավճավաձե N5 փողոցի «կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի պատմությունից հետո, Ախալքալաքի քաղաքապետարանը քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր նախագիծ մշակեց, որը զգալիորեն թեթեևացնում է քաղաքի կենտրոնի ծանրաբեռնված երթևեկությունը:
Գայանե Ակոջյան