Մունիցիպալիտետում ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի հետ սկսել են Խորենիա գյուղի միջով քարհանքներից ավազ հանել: Բնակիչներին կրկին սկսել է անհանգստացնել ճանապարհների և կամրջի վիճակը, որը երկար տարիներ վթարային վիճակում է գտնվում: Կամրջի նորոգումը պլանավորվել էր դեռևս 2019 թվականին, սակայն դեռ չի իրականացվել:

Ըստ գյուղացիների՝ շինարարության օրվանից առ այսօր Մեծ Խորենիան Փոքր Խորենիայի և մնացած աշխարհին կապող կամուրջը երբևէ չի վերանորոգվել: Բնակիչները պահանջում են, որ իշխանությունները լուծեն այս հարցը, քանի որ կամուրջը վթարային վիճակում է գտնվում:

Խորենիա գյուղի բնակիչների կողմից Ախալքալաք կամ այլ գյուղեր հասնելու համար օգտագործվող գյուղական կամուրջը, արդեն վտանգ է ներկայացնում, քանի որ այն սկսել է փլուզվել հիմքից: Չնայած դրան, կամրջով անցնում են ավազով բեռնված բեռնատարներ:

Ըստ Մասիս Վարդանյանի, իշխանությունները պետք է անհապաղ վերանորոգեն գյուղի կամուրջը:

«Կամուրջը փլուզման եզրին է, իսկ ավազով բեռնված ծանրաքաշ բեռնատարները փչացրել են և ավելի շատ կփչացնեն», – ասում է Մասիս Վարդանյանը:

Մայրուղու կողքին, բայց «աշխարհից կտրված»
Բեռնատարները կրկին երթևեկում են գյուղամիջով
Նրանք պայքարում են, որ չմնան շրջափակման մեջ

Սակայն, ինչպես ասում են Ախալքալաքի քաղաքապետարանում, տեղական իշխանությունները չեն կարող արգելել քարհանքներից ավազի արտահանումը, քանի որ ավազն արտահանող ընկերությունը արտոնագիր ունի և դա անում է օրենքի շրջանակներում, իսկ կամրջի նորոգման հարցում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ:

2019 թ.-ին մունիցիպալիտետը հատկացրել է 4 024,00 լարի՝ Խորենիա, Բավրա գյուղերում կամուրջների վերականգնման և Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վազքուղու համար նախագծային նախահաշիվների կազմման համար: Բայց մրցույթը չի կայացել 3 անգամ՝ 2019 թվականի ապրիլին, մայիսին և հունիսին՝ մասնակիցների բացակայության պատճառով: Արդյունքում, անցյալ տարի կամրջի վերականգնումը նույնպես տեղի չի ունեցել: Եվ այս տարի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների զարգացման բոլոր պլանները խառնվել են, և առայժմ պարզ չէ՝ այս տարի կրկին կհայտարարվի նախագծային նախահաշիվների կազմման մրցույթը, թե՝ ոչ:

«Մենք ներկայումս բյուջեում միջոցներ չունենք այդ աշխատանքներն իրականացնելու համար, սակայն, ինչպես շատ այլ նախագծեր, կամուրջների վերականգնումը մեր գերակայությունն է, հետևաբար, եթե մենք գումար խնայենք մրցույթներից, ապա հնարավոր է հայտարարենք մրցույթ կամուրջների վերականգնման նախագիծ կազմելու համար, սակայն ես չեմ կարող ճշգրիտ ասել՝ հաստատ այս տարի կլինի, թե՝ ոչ », – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: