Վրաստանը շարունակում է ընդունել իր քաղաքացիներին, սակայն բոլորն անխտիր պետք է կարանտին անցնեն։ Երեկ կառավարության թեժ գծից Jnews-ին հայտնեցին, որ կարելի է նաև ինքնամեկուսանալ, եթե անձը ունի բնակարան և տանը կարող է մենակ լինել: Այսօր Ախալքալաքի Առողջապահական և Հիվանդությունների վերահսկման կենտրոնից Jnews-ին պարզաբանեցին, որ ինքնամեկուսացում այլևս չկա, բոլորը պարտադիր պետք է գնան կարանտին։
Jnews-ի հոդվածից հետո բազմաթիվ մարդիկ դիմել են թե՛ Առողջապահության նախարարություն, թե՛ Հիվանդությունների վերահսկման կենտրոն և թե՛ Ախալքալաքի առողջապահական կենտրոն: Առողջապահական կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը պարզաբանում է՝
«Առանձնապես. Հայաստան՝ 1, Ռուսաստան՝ 2, Ադրբեջան՝ 3, Թուրքիա՝ 4, ով կգա այս երկրներից պետք է գնա կարանտին, ինքնամեկուսացում չկա։ Այն մարդիկ, որոնք կգան այն երկրներից, որտեղ կորոնավիրուսը շատ է տարածված ինքնամեկուսացման չեն ենթարկվի, բոլորը պետք է կարանտին անցնեն, ես զանգահարեցի Պաատա Իմնաձեին և տեղեկացա, նա ասաց, որ չկա այդպիսի բան, 14 օր կարանտինում կլինեն, 13-րդ օրը թեստ կհանձնեն, որից հետո նոր դուրս կգան կարանտինից», – ասում է Առողջապահական կենտրոնի տնօրենը։
Ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար դիմեցինք Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն, այնտեղից մեզ ասացին, որ ինքնամեկուսացում այլևս չկա, եղել է, սակայն՝ այլևս չկա, թե երբ է չեղարկվել, կոնկրետ ժամկետ չկարողացան նշել։
«Այս պահի տվյալներով բոլորն էլ պետք է լինեն կարանտինում, ինքնամեկուսացում հիմա այլևս չկա, հանված է, սակայն կան բացառություններ, օրինակ՝ որ փոքր երեխա է, չի կարողանա ինքը հոգ տանել իր մասին, կամ ինչ-որ ծանր հիվանդություն ունեցող անձ է, ում օգնական է պետք: Այսպիսի դեպքերում կատարվում է ինքնամեկուսացման համար հայտի լրացում, այնուհետև դիմումով դիմում են Վրաստանի առողջապահության նախարարություն, հաստատման դեպքում մեր ներկայացուցիչները գնում են և ստուգում վայրը, որից հետո անձը կկարողանա ինքնամեկուսանալ: Սակայն մյուսները, ովքեր կգան Վրաստան, բոլորը, ովքեր կհատեն սահմանը կենթարկվեն կարանտինի, թե որտեղ կլինեն կարանտինի մեջ, դա կախված է այն բանից, թե որտեղ ազատ տեղ կա», – պարզաբանում են Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնից։
Միաժամանակ նշելով, որ չկա այնպիսի երկիր որտեղից վերադարձողները չգնան կարանտին, այս կանոնը բոլորին է վերաբերվում։
Բացառության դեպքում քաղաքացին մինչ Վրաստան վերադառնալը պետք է դիմի Վրաստանի առողջապահության նախարարություն, լրացնի ինքնամեկուսացման թերթիկը, որպեսզի մինչև անձի վերադառնալը բնակարանի ստուգում իրականացվի: Քաղաքացիները կարող են դիմել՝ Վրաստանի առողջապահության նախարարություն` info@moh.gov.ge և Հիվանդությունների վերահսկման կենտրոն՝ pr.ncdc@ncdc.ge: