Վրաստան վերադարձող քաղաքացիները պետք է պարտադիր 14-օրյա կարանտին անցեն կամ ինքնամեկուսացվեն: Քաղաքացին կարող է պարտադիր ինքնամեկուսացվել ոչ թե պետության կողմից տրամադրվող վայրում, այլ՝ սեփական տանը, բայց նախքան Վրաստան մտնելը պետք է տեղեկացնի այդ մասին Առողջապահության նախարարությանը կամ Հիվանդությունների վերահսկման կենտրոնին:
Կառավարության թեժ գծից Jnews-ին հայտնեցին. «Քաղաքացին պարտադիր պետք է անցնի կարանտին կամ ինքնամեկուսացվի 14 օր։ Անձը կարող է պարտադիր ինքնամեկուսացման ժամանակ լինել ոչ թե պետությյան կողմից տրամադրվող վայրում, այլ՝ իր սեփականությունում, եթե տանն այլ մարդ չի բնակվում»:
Եթե Վրաստան մտնող քաղաքացին ունի սեփականություն, ապա նախքան երկիր վերադառնալը պետք է զանգահարի Վրաստանի առողջապահության նախարարություն՝ 1505 կամ Հիվանդությունների վերահսկման կենտրոն՝ 116 001 և տեղեկացնի, որ ունի սեփականություն և կարող է տանը լինել մենակ: Առողջապահության նախարարությունը ստուգում կանցկացնի, որից հետո քաղաքացին կկարողանա ինքնամեկուսանալ իր իսկ սեփականությունում։
Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել 2020 թվականի մարտի 21-ին և այն չեղարկվել է մայիսի 22-ին: Սակայն երկրի սահմանները դեռ փակ են: Վրաստանն ընդունում է իր քաղաքացիներին, բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է անպայման 14-օրյա կարանտին անցնի կամ ինքնամեկուսացվի: Երկրում պարտադիր կարանտին մտցվեց մարտի 22-ին, մինչ այդ քաղաքացիները կարող էին ինքնամեկուսացվել սեփական տներում:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 738 դեպք, ապաքինվել է 573 մարդ:
Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 250 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: