Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում կորոնավիրուսի տարածման երկրորդ փուլը: Ինչպես հայտնում է կազմակերպության ներկայացուցիչ Մայք Ռայանը, այս պահին համավարակը գտնվում է առաջին փուլի միջին գոտում:
Նրա խոսքով, հարկավոր է լավ գիտակցել այն փաստը, որ ամեն պահ հնարավոր է վարակի կտրուկ աճ ունենանք:
Մայք Ռայանը նշում է, որ միայն այն բանի պատճառով, որ հիմա հիվանդությունը նվազման փուլում է, չի կարելի այնպիսի ենթադրություն անել, որ այս իրավիճակն այսպես կպահպանվի և մի քանի ամսում չի նկատվի երկրորդ փուլ: «Մենք հնարավոր է ունենանք երկրորդ փուլ», – հայտարարել է Ռայանը:
Ինչպես պարզաբանում է կազմակերպության ներկայացուցիչը, երկրորդ հոսքը կամ երկրորդ ալիքն ի հայտ կգա գրիպի սեզոնին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին հորդորում է լինել զգույշ և ժամանակին բացահայտել հիվանդությունը:
Մոտ հինգ ամսվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ ավելի քան 5 միլիոնի, անցած դեկտեմբերին Չինաստանում բռնկված և ուղիղ մեկ ամիս անց երկրի սահմանները հատած վարակը խլել է ավելի քան 340 հազար մարդու կյանք՝ աշխարհի 185 երկրներում, համաճարակը, մինչդեռ, հասել է 220 երկրներ: