Ինչպես հաղորդում է interfax.az-ը, կորոնավիրուսի համավարակի ընթացքում Թուրքիան ավելացրել է բեռնափոխադրումների ծավալը Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային տրանսպորտային միջանցքով: Այս մասին հայտարարել է Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:

«COVID-19-ի համավարակի ֆոնին երկաթուղային բեռնափոխադրումների պահանջարկը զգալիորեն աճել է՝ որպես տրանսպորտի ամենաապահով ռեժիմ: Միջազգային բեռնափոխադրումների հարցում, մասնավորապես Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, կարևոր դեր է խաղում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ որոշում է կայացվել ընդլայնել ԲԹԿ-ի ներուժը: Վրաստանի հետ սահմանին մոտ գտնվող բեռնարկղերի փոխադրման նոր համակարգը թույլ կտա մեծացնել բեռնափոխադրումների ծավալը մինչև 3,5 հազար տոննայի», – ասել է Քարաիսմայիլօղլուն՝ թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում:

Նախարարը հիշեցրել է, որ Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղագիծը տարբերվում է Թուրքիայից և եվրոպական երկրներից, ինչը պահանջում է անվածիրների փոփոխություն: «Վրաստանի հետ սահմանին վագոնների տեղափոխման նոր համակարգը օգնում է շատ ավելի արագ իրականացնել այդ գործողությունները», – ասել է Քարաիսմայիլօղլուն:

Նախարարն հայտարարել է, որ մինչ այժմ Թուրքիայից ԲԹԿ-ի միջոցով արտահանվել է 240 հազար տոննա բեռ՝ 5.25 հազար բեռնարկղերով, երկիր է ներմուծվել 5,3 հազար բեռնարկղ՝ 280 հազար տոննա ներմուծված արտադրանքով, ինչպես նաև Եվրոպայի ուղղված տարանցիկ փոխադրման ապրանքներ:

«Թուրքիան կարևոր միջոցներ է ձեռնարկում՝ նվազեցնելու Covid-19-ի համավարակի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության և միջազգային առևտրի զարգացման վրա: Այս տեսակետից, ԲԹԿ-ի գործունեությունը ցույց տվեց, թե որքան ճիշտ էր տվյալ միջանցքի կառուցման որոշումը», – ընդգծել է Քարաիսմայիլօղլուն:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությունը տեղի էր ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ: ԲԹԿ երկաթգծի կառուցման նախագծի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք երկաթուղին, որի երկարությունը 98 կմ է, որից 68 կմ-ը Թուրքիայի տարածքում է, 30 կմ Վրաստանում՝ Ախալքալաքից մինչեւ Թուրքիայի սահմանը, ինչպես նաեւ վերակառուցվել է Վրաստանում Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ հատվածը: Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ՝ 775 մլն. դոլարի չափով:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է:

Այսօրվա դրությամբ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը տարեկան 6 մլն տոննա է, իսկ ուղևորաշրջանառությունը՝ 1 միլիոն մարդ: Հետագայում հնարավոր է բեռնափոխադրումների ծավալը գերազանցի 15 մլն տոննան:

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից