Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունից ավելի քան մեկ միլիոն մարդ է առողջացել: Վիճակագրությունը հրապարակել է Ջոն Հոփքինսի համալսարանը:

Համաձայն համալսարանի կայքում հրապարակված տվյալների՝ աշխարհում համաճարակի սկզբից մինչև օրս 3 231 701 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, որոնցից առողջացել է 1 004 483 պացիենտ:

Համապատասխանաբար, վարակակիրների 1/3-րդը կարողացել է հաղթահարել Covid-19-ը:

Ապաքինված պացինետների քանակով առաջին տեղում Իսպանիան է՝ 137 984 մարդ: Այնուհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ կորոնավարակից առողջացել է 124 449 մարդ: Երրորդ տեղում Գերմանիան է, որտեղ 123 500 մարդ հաղթել է վարակին:

Այս ընթացքում, ամբողջ աշխարհում կորոնավարակի զոհ է դարձել 229 447 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է Չինաստանում, 2019 թվականի դեկտեմբերին: