Ախալքալաքի շրջանում երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, կենդանի մնացած 22 վետերաններից մեկը՝ Գրիգոր Վանցյանը, չնայած 94-ամյա տարիքին, մինչ օրս կնոջ համար աշխարհի ամենալավ մարդն է:

Երկար աստիճաններով բարձրանում ենք և դուռը թակում: Այն բացում է տարեց մի կին և ներս հրավիրում: Բազկաթոռին նստած ծերունին ի զարմանս մեզ, հակառակ շուրջբոլորը տիրող աղմուկին քնած էր: Կինն արթնացնում է՝ «այ մարդ զարթի քեզի հարցնող կա»: Հաղթանդամ ծերունին արթնանալով շփոթահար ու հարցական հայացքով մեզ է նայում:

Հարցնում ենք, ինչպես է Ձեր առողջությունը, նոր արթնացած Գրիգոր պապը պատասխանում է՝ «Լավ է փառք Աստծո, մենակ գիշերները լավ չեմ քնում»: Քիչ անց սկսում ենք պատերազմից խոսել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, 94-ամյա Գրիգոր Վանցյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: Չնայած տարիքին նա առանձնակի աշխուժությամբ է ծոռների հետ խաղում և խրատներ տալիս: Ամբողջ խոսակցության ընթացքում երկու սևաչյա փոքրիկները հետաքրքրությամբ մեզ էին լսում:
Grigor ev Asya
Գրիգոր Վանցյանը՝ հայտնի լեզվաբան, գրաքննադատ Գրիգոր Վանցյանի թոռն է, նա ապրում է համեստ կյանքով, սեփական տանը, որդու ընտանիքի հետ:

Երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը Գրիգորը Երևանում էր ուսանում, որտեղից էլ կամավոր հավաքագրվում է սովետական բանակ: Բանակում մեկ տարի հատուկ նախապատրաստում է անցնում Ստալինի անվան 212-րդ օդային բրիգադում:

«1 տարի Պյատիգորսկում մեզ լավ պատրաստեցին, թռիչքներ էի անում: Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ շրջափակման մեջ ընկա: 10-15 օր անց ոտքիցս վիրավորվեցի, մեր խմբի մեջ ամենաուժեղ կրակողը ես էի, պարծենալ չլինի, 10 հատ, որ կրակեի 7-ն իր նպատակին հասնում էր»,- պատմում է Վանցյանը:

Պատերազմի տարիներից իր հիշողությունները պատմելիս Գրիգոր Վանցյանը խոր հոգոց է հանում և ասում. «Մարդը դեռ կիսավայրենի է: Մարդը՝ մարդուն ինչի է սպանում: Նայեք նորից աշխարհը խառնվել է իրար, ծո ինչի՞ եք իրար սպանում: Չգիտեմ Աստված տա խաղաղ մնաք, բայց խաղաղություն չկա»:
medalner
Պատերազմի ժամանակ Վանցյանը ձեռքից վիրավորվում է և գերի ընկնում: Հարյուրավոր գերիների հետ Գրիգորին ևս տեղափոխում են Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան, որից հետո անգլիացիները օգնության են հասնում և Լա Մանշի նեղուցով տեղափոխում են Անգլիա:

«Չգիտեմ ինչ միտք ուներ, անգլիացիք մեզ 15 օր պահեցին հետո նավով տեղափոխեցին սովետմիություն՝ Մուրմանսկ: Պորտից նոր էինք իջնում ամեն կողմից հրացանները դեմ տվին: Կոնցլագերն սկսեց քննելը, մեղավոր ու արդար ջոկեցին, ինչքան անմեղ մարդկանց քշեցին սիբիրները, մեզ՝ մոտ 40 հոգուս տեղափոխեցին Լենինգրատ: Ասացին «տարգովի» պոստը պատերազմ է պիտի աշխատեք: Երկու տարի այդտեղ աշխատա»,- հիշեց 94-ամյա ծերունին:
shun
Հայտնի գրաքննադատ Վանցյանի թոռն աչքի էր ընկնում իր իմացությամբ: Մասնագիտությամբ գրաշար էր, այն ժամանակներում շատ պահանջված աշխատանք: Վերջինս տնից հեռագիր է ստանում, որ հայրը պատերազմի դաշտում զոհվել է, մայրը ծանր հիվանդ է: Վանցյանը նամակը ցույց է տալիս ղեկավարությանը և 1947-ին վերադառնում է հայրենի գյուղ:

Երիտասարդ Գրիգորն ընտանիք է կազմում համագյուղացի Ասյաի հետ: Կինը պատմում է.«Ղըսմըթ (բախտ) էր եղավ, շատ աղջիկներ իր հետևից էին ման գալիս, շատ սիրուն էր, բայց իրեն հարազատները ինձ էին նախատեսել: Ես շատ գոհ եմ բախտիցս, թե աշխարհի երեսին մի լավ մարդ կա, ինքն է»:

Պատերազմի վետերանը կնոջը մատնացույց անելով ասում է՝ «է, քանի աղջիկ է լացուցել»: Գրիգոր Վանցյանը 2 որդի, 1 աղջիկ, 7 թոռ ու 13 ծոռ ունի:
Grigor Vancyan
Ախալքալաքի շրջանում երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից ընդամենը 22 վետերան է ապրում: jnews.ge լրատվականը մեկ առ մեկ անդրադառնում է մեր վետերաններին, ներկայացնելով պատերազմի մասին նրանց հիշողություններն ու մեկնաբանությունները:

Աղունիկ Այվազյան