ITB Berlin աշխարհի ամենամեծ միջազգային տուրիստական ցուցահանդես-տոնավաճառը, որը սովորաբար տեղի է ունենում Բեռլինում, կանցկացվի Վրաստանում 2022 թ7-ին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Սա կլինի ITB Berlin-ի թվով 54-րդ ցուցահանդես-տոնավաճառը:
ITB Berlin-ը համարվում է միջազգային զբոսաշրջության արդյունաբերության հիմնական ֆորումը: Բազմաթիվ մասնագետների կարծիքով, ITB Berlin-ը, ինչպես ոչ մի այլ զբոսաշրջային ցուցահանդես, արտացոլում է միջազգային զբոսաշրջության զարգացման բոլոր հիմնական ուղղությունները:
Ցուցահանդեսը ներկայացնում է տուրիստական բոլոր ուղղությունները. Ֆորումում կարելի է մասնակցել տարբեր սեմինարների, սիմպոզիումների, փորձագետների հետ հանդիպումների, մամուլի համար կլոր սեղանների ձևաչափերի և այլն: ITB-ն ներկայացնում է տուրիստական արդյունաբերության բոլոր ոլորտները` զբոսաշրջության միջազգային ֆեդերացիաներ, զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, տուրիստական և տրանսպորտային գործակալություններ և տուրօպերատորներ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ և այլն:
Վարչապետի խոսքով՝ սա հսկայական նվաճում է, քանի որ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 180 երկրներ:
«Զբոսաշրջությունը մեր տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչ ուժերից մեկն է: Զբոսաշրջությունն ամենաարագ զարգացող և աճող ոլորտն է: Իհարկե, սա ևս մեկ քայլ կլինի, որպեսզի զբոսաշրջության ոլորտը վրացական տնտեսության համար լինի ավելի հաջողակ և դինամիկ», – հայտարարել է Գախարիան:
Կառավարության ղեկավարը վստահ է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կզգա այս ցուցահանդեսի արդյունքը՝ զբոսաշրջության աճի շնորհիվ, որը կապահովի այս միջոցառումը:
«Մեր նպատակը պետք է լինի այն, որ բոլոր գյուղերում յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ Վրաստան եկած զբոսաշրջիկը հաջողության մասին վկայող ևս մեկ օրինակ է հանդիսանում», – ընդգծել է Գախարիան: