Ջավախքի 96 գյուղերից 62-ում անցկացվել է բնական գազ: Մյուս ծայրամասային գյուղերում ցանկանում են ունենալ բնական գազ, սակայն գազի ընկերություն SJGC-ում ներկա պահիս չունեն հնարավորություն այնտեղ գազ անցկացնելու:
Ախալքալաքի շրջանի 64 գյուղերից այսօրվա դրությամբ բնական գազով կարող են օգտվել 41 գյուղում, իսկ Նինոծմինդայում 32-ից՝ 21-ում:
Առանց գազի ապրող բնակիչները ասում են, որ իրենք նույնպես ուզում են ունենալ էժան վառելիք: Տարբեր գյուղերից դիմել են գազի ընկերություն, սակայն նրանց մերժել են այդ հարցով:
Թախչա գյուղի բնակիչ Եփրիկյան Արմենի խոսքով իրենք և հարևան Աբուլ գյուղի բնակիչները այս տարվա գարնանը դիմել են գազի ընկերություն, իրենց գյուղերում գազ անցկացնելու խնդրանքով:
«Մեզ պատասխանեցին, որ ֆինանսներ չկան: Մեզ մոտ 15 օր առաջ բացվեց Խաչքար և հովանավորները, ովքեր ֆինանսավորել էին, ասացին մեզ, որ եթե գազի ընկերությունը վճարի 40% -ը, նրանք կվճարեն մնացած 60%-ը: Բայց, ես դեռ նման հարցով չեմ դիմել գազի ընկերություն», – ասում է Արմեն Եփրիկյանը:
Արմենի խոսքով նրանց գյուղում հեշտությամբ կարելի է անցկացնել գազը` Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղից: Այստեղ գյուղերի միջև հեռավորությունը ընդհամենը 1.5 կմ. է:
Օլավերդ գյուղը առանց գազի մնացած գյուղերի ցուցակում է: Այս գյուղի բնակիչները անհամբերությամբ են սպասում, թե երբ կանցկացվի բնական գազը իրենց գյուղ:
Օլավերդ գյուղի բնակիչ Մաթևոսյան Փառանձեմը ասում է, որ հեղուկ գազը շատ թանկ է նստում:
«10 կգ գազը արժի 35 լարի: Սակայն գազի բալոնը (10 կգ) հերիքում է 10 օր: Ինչու չեն ուզում մեզ մոտ էլ անցկացնել գազ: Չնայած կազմակերպությունից եկան, հարցրեցին, թե ով և քանի կետ է ուզում: Սակայն հետո հրաժարվեցին», – ասում է Մաթևոսյան Փառանձեմը:
Նույն գյուղի բնակիչ Պետրոսյան Արզումանը ասում է, որ շատերը համաձայն էին անգամ վարկ վերցնել գազի անցկացման համար:
«Գոմանում արդեն կա գազ, իսկ այստեղ չեն անցկացնում, Գոմանից մեր գյուղ ընդհամենը երեք կմ. է, այդ երեք կմ-ից մեկ կմ-ոմ արդեն խողովակները անցկացված են, այնտեղ համարյա ոչինչ չի մնում: Ասում են, որ իբր չի արդարացնում, որ հիմա ճգնաժամի մեջ են, ծախսերը չեն ծածկվում», – ասում է Պետրոսյան Արզումանը:
SJGC Գազի ընկերության գլխավոր տնօրեն Արամ Սանոսյանը ասում է, որ կազմակերպության պլանների մեջ դեռ չկա հետևյալ գյուղերի գազաֆիկացումը:
«Մենք չունենք հնարավորություն, սակայն եթե պետությունը օգնի, գազաֆիկացումը հնարավոր է», – ասում է Արամ Սանոսյանը:
SJGC Գազի ընկերության գործադիր տնօրենի Ռազմիկ Գումաշյանի խոսքով, այս տարի նրանք ոչ մի գյուղում չեն անցկացրել գազ, որովհետև կազմակերպության կողմից ներդրված փողերը դեռ չեն մարվել, և նրանք դեռ շահույթ չեն ստացել:
Ջավախքում բնական գազը անցկացվել է 6-7 տարի առաջ:
Ներկա պահիս կազմակերպության աշխատակիցները իրենց բաժանորդների մոտ անցկացնում են լրացուցիչ կետեր ու այն բնակիչների համար, ովքեր, ապրելով այն քաղաքներում կամ գյուղերում որտեղ կա գազ, չունեն գազ:
Շուշան Շիրինյան