Ջավախքում տարեցտարի ավելանում է միայնակ ծերերի թիվը: Նրանցից շատերը նախընտրում են առանց որդիների ապրել հայրենի տանը, քան չորս պատերի ու օտարության մեջ: Հարցի լուծում կարող էր լինել ծերանոցը, սակայն թե ծերերը, թե երիտասարդները լսել անգամ չեն ուզում ծերանոցի մասին:
Ջավախքում արտագաղթն օր-օրի ավելանում է: Մարդիկ առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Ջավախքում աշխատատեղ չկա, տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի և հնարավորության դեպքում իրենց հետ են տանում նաև ընտանիքները: Շատ հաճախ տան տարեցները միայնակ են մնում` նախընտրելով միայնություն հարազատ միջավայրում, օտարության փոխարեն:
«Այսօր իրենք են ծեր, վաղը մենք, ինչ տարբերություն: Ինչպես մենք մեր ծնողներին նայենք, մի քիչ էլ վատ մեզ են նայելու: Ասում են տանը ամենախասը պետք է երեխաներին ու ծերերին տաս: Ծերերն էլ են երեխա»,- ասաց Նելսոն Մկոյանը:
Շատ անգամ միայնակությունը դնում է ծերերին անելանելի վիճակի մեջ, սակայն թե տարեցները, թե երիտասարդները հիմնականում լսել անգամ չեն ուզում ծերանոցի մասին: Ծերանոցի թեման Ջավախքում տաբու է:
«Մեր կեցվածքից, մեր դաստիարակությունից, մեր աշխարհահայացքից ելնելով շատ վատ է ընկալվում: Ես իմ ամենահեռու հարազատիս ամեն ձևի կաջակցեմ, որ ծերանոց չտանին: Հիմնականում, եթե խոսքը վերաբերում է հարազատ տատիկ պապիկին, էդ դեպքում նույնիսկ մուրացկանություն կանեմ, որ պապս մահանա հայրական տանը, որտեղ ծնվել է»,- ասաց երիտասարդ Լևոն Բադասյանը:
Գումբուրդո գյուղում 70 անց Վրեժ պապը կնոջ հետ միայնակ է ապրում: Աղջիկներին հարս է ուղարկել, իսկ տղաները Ռուսաստան խոպան են գնացել և այնտեղ էլ մնացել:
«Առաջ նման բան չկար, հիմի է որ ծնողներին թողնեն կերթան: Ինչ անեն ապրուստի հարց է: Բայց մեզ էլ շատ դժվար է, 4-5 երեխա ունենք ու ոչ մեկը մեր կողքին չէ: Ինչ անենք Աստված ինչ տվել է, դա էլ տեսնելու ենք»,- ասաց Վրեժ Զաքարյանը:
Ի տարբերություն Վրեժ պապի, 83-ամյա Գուրգեն Փիլոսյանը կնոջ մահվանից հետո միայնակ է ապրում:
«Տղաս Մոսկվայում է, ինձ էլ են ուզում տանել, աղաչում են, ես չեմ գնում: Այսօր կամ վաղը չկամ, չեմ ուզում երեխաներիս նեղություն տամ: Մահանամ բերելու են, ծախս են անելու, չարչարվելու են: Իրենք գարունները արձակուրդների ժամանակ գալիս են: Թոռներիս երկու ամիս տեսնում եմ, անընդհատ փող են ուղարկում, ես շատ գոհ եմ իմ որդիներից: Հեռախոսով հետները միշտ խոսում եմ»,- ասում է Գուրգեն պապը:
Ախալքալաքի Սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքում և գյուղերում 2010 թվականից մինչ օրս գրանցվել են 547 մարդ, որպես միայնակ, որից 151-ը միայն քաղաքում են ապրում: Կոնկրետ թիվ չկա, թե Ջավախքում քանի ծեր զույգեր են որդիներից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրում:
jnews.ge լրատվականի հավաքած տվյալների համաձայն Ախալքալաքի յուրաքանչյուր գյուղում միջինը 3 միայնակ ծեր, 7 տարեց զույգ են ապրում: Մեզ հանդիպած մենակ ապրող բազմաթիվ ծերերից ընդամենը մի կին ցանկացավ, որ իրեն ծերանոց տանեն: Քանի որ նրա բոլոր հարազատները մահացել են և չկա մեկը, որ իր մասին հոգ տանի:
«Ախալքալաքցին իրեն թույլ չի տա ծնողին ծերանոց տանի, իսկ ինքը ընտանիքին հետ Ռուսաստան գնա: Եթե ես իմանամ ինչ-որ մեկը այդպես է արել, կգնամ երեսին կթքեմ»,- ասաց 30 անց Արտյոմ Մելքոնյանը:
Արտյոմը երկու տարի է ամուսնացել է և ապրում է տատիկ պապիկի հետ: Շատերի նման, նա էլ ամեն տարի ժամանակավոր աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Իր խոսքով երբեք մենակ չի թողնի տատիկին ու պապիկին:
«Ոչ-ոք ուրախությամբ չի թողնում ծնողին գնում: Կարիքից դրդված են անում, հնարավորության դեպքում նրանց էլ են տանում: Լինում է, որ ծերերը տարիներով մնում են Ռուսաստանում ու չեն հարմարվում: Իրենց էլ մեղադրել չի կարելի, մենք ջահել ենք չենք հարմարվում, ուր մնաց իրենք»,- ասաց Ջուլետա Գաբրիելյանը:
Ջուլետան ընտանիքի հետ Ռուսաստանում է ապրում, սակայն ամեն տարի գալիս է Ախալքալաք սկեսուր-սկերսայրին տեսնելու:
Հռիփսիմեի համոզմամբ ավելի ճիշտ է ծերանոց տանեն, քան անտեսեն տարեցներին և վատ վերաբերվեն:
«Բաներ կիմանաս, թե ինչպես են վերաբերվում տան մեջ ծերերին զարմանում ես, ավելի լավ է ծերանոց տանեն, քան տան մեջ այս ու այն կողմ նետեն: Ամեն օր սպասում են երբ են մեռնելու խեղճերը: Մենք ապրում ենք ուրիշների կարծիքի համար: Իրականում լավ էլ ծերանոցի կարիք կա»,- ասաց Հռիփսիմե Այվազյանը:
Ջավախքը եզակի մի տարածաշրջան է, ուր ծաղր ու ծանակի, ամոթանքի թեմա է դառնում նա ով իր ծնողին ծերանոց կտանի: Այդ ամոթանքը ամբողջ գերդաստանն իր վրա է կրում տարիներ շարունակ: 2005-ից մինչև 2015 թվականը Ախալքալաքի շրջանից ընդամենը 3 տարեց մարդու են տեղափոխել Քութայիս քաղաքում գտնվող ծերանոց: 3-ից 2-ը տառապել են հոգեկան ծանր հիվանդությամբ: Նրանք շրջապատի համար վտանգավոր են եղել:
Միայնակ ծերերի խնդիրը օր-օրի ավելի արդիական է դառնում, այդ խնդրին այլ տեղերում լուծումը գտել են: Սակայն Ջավախքում այդ լուծումը չի ընդունվում:
Աղունիկ Այվազյան