Ավանդաբար համարվում է, որ Ախալքալաքում աճում է միայն կարտոֆիլ, սակայն վերջին մի քանի տարիներին ֆերմերները դրա համար այլընտրանք են փնտրում: Ի հայտ են եկել համեմունքների (վրաց. սունելի), կտավատի, հնդկաձավարի դաշտեր: Այս տարի էլ փորձարկման համար նրանք մեծ դաշտերում սոխ են ցանել:
Ֆորդն անցնում է դաշտերով, Զրես լճի շրջակայքում գտնվող դաշտերն Ախալքալաքի մունիցիպալիտետում համարվում են ամենաբերքատուն: Կարտոֆիլն այստեղ լավ է աճում՝ շնորհիվ սևահողերի: Լեռների միջև ձգվող բազմաթիվ դաշտերի միջից մեկն առանձնանում է: Այստեղ հավաքում են «լացացնող» սոխ: Բերքահավաքն ավարտվեց արագ, քանի որ սոխը հավաքելը կարտոֆիլից ավելի հեշտ է: Դաշտում բերքահավաքի ժամանակ վարձու, ժամանակավոր աշխատող կանայք ստանում են 30 լարի, իսկ տղամարդիկ՝ 40 լարի:
Մի փոքր այն կողմ տրակտորն է, որի վրա բեռնվում է բերքը, դաշտի սեփականատեր Ստեփանյան Գագիկը ցույց է տալիս ձեռքով դեպի այդ կողմը և ասում, որ արդեն բեռնել են 4-5 այդպիսի տրակտոր: Մի փոքր ավելի հեռու, մյուս կողմում դրված է գառան խաշլամայով լի կաթսան, սա բերքահավաքի ավարտի կապակցությամբ հյուրասիրությունն է:
Աշխատողները սոխը հավաքում են շարքերով: Սոխը հողից հանում են բռնելով ցողունից:
Հողում երևում են սոխի ոսկեգույն գլուխները, բերքը հաջող էր, սոխի մեծ գլուխները հանում են հողից և նետում տրակտորի թափքը, այնուհետև տանում գյուղ, որտեղ դրանք չորացնում են և պատրաստում վաճառքի:
«Կարտոֆիլի հետ միասին ցանել ենք նաև սոխ, ես 30 հա տարածքում կարտոֆիլ եմ ցանել: Մենք պարզապես որոշեցինք սոխ էլ ցանել, խանգարող ոչ մի հանգամանք չկար: Տեսեք ինչ բերք է, տրակտորն արդեն 4-5 անգամ է բերք է տեղափոխում: Չգիտեմ, թե ինչքան է ստացվել, անծանոթ գործ է, այնպես, որ ես չեմ կարող որոշել, թե որքան բերք ենք ստացել: Գուցե 25 տոննա, գուցե 30 տոննա, գուցե և ավելին», – ասում է Գագիկ Ստեփանյանը:
Փորձարկում կատարելով՝ ֆերմերները չգիտեն, թե ինչ եկամուտ կունենան, այնուամենայնիվ, նրանք չգիտեին էլ, թե ինչպես են սոխը մշակելու, բայց ստացել են էկոլոգիապես մաքուր ու առողջ բերք:
«Մեկ կգ սոխի գինը 1 լարի է: Տեսնենք, թե ինչ ենք անելու, կամ մենք այն շուկա կհանենք այլ վայրերում, կամ էլ այն տեղում կվաճառենք: Մինչ օրս ես սոխի վրա արդեն ծախսել եմ 6000 լարի: Կարտոֆիլի համեմատ՝ շատ է, բայց սոխի գինն ավելի բարձր է, և, ամենայն հավանականությամբ բերքը լավ կլինի: Կարտոֆիլի վրա այդքան չենք տանջվում, մենք պարզապես պարարտացնում ենք և դեղում մոլախոտերի դեմ հերբիցիդներ ու վերջ: Մենք չգիտեինք ինչպես մշակել սոխը, ես ինչ-որ բան գիտեի, որոշ բան էլ համացանցից իմացանք»,- պատմում է սոխի դաշտի սեփականատեր Գագիկ Ստեփանյանը:
Ախալքալաքում բերքահավաքի սեզոնը սկսվել է օգոստոսի կեսերից և կտևի մինչև սառնամանիքները: Ախալքալաքում բերքահավաքը սկսվում է հացահատիկայիներով և ավարտվում՝ կաղամբով: Լայնածավալ վաճառքի նպատակով սոխը հիմնականում չէր ցանվում, բայց Գագիկ Ստեփանյանն ու նրա ընկերներից ոմանք փոխում են այս ավանդույթը:
Քրիստինե Մարաբյան